Պոլսո Պատրիարքական Աթոռի կրոնական ժողովը` Էրդողանին ուղղված աղմկահարույց նամակի մասին — Երկիր Մեդիա

Պոլսո Պատրիարքական Աթոռի կրոնական ժողովը` Էրդողանին ուղղված աղմկահարույց նամակի մասին

«Նամակի քննադատությունները հասել են նախատինքի, սպառնալիքի և նվաստացման մակարդակի...»
ateshyan

Պոլսո Հայոց Պատրիարքական Աթոռի կրոնական ժողովը հայտարարություն է հրապարակել այն հակազդեցությունների վերաբերյալ, որոնք ծագել են Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առնչությամբ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղած նամակից հետո:

«Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռն իր պատմության ընթացքում ջանացել է բարյացակամ հարաբերություններ մշակել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև առավելագույն ջանքերն է գործադրել` չանտեսելու երկրի հանրային կարծիքի զգայություններն այն նյութերի առնչությամբ, որոնք հետաքրքրում են երկրի հանրությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Կրոնական ժողովը հունիսի 13-ին ունեցած նիստի արդյունքներով հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ հին ավանդույթների համաձայն` իրենք կարծիք չեն հայտնում քաղաքական և իրավական հարցերի շուրջ: Համայնքի անունից խոսելու պարտականությունը ստանձնում է աթոռակալ սրբազան պատրիարքը: Բայց քանի որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է, այդ պարտականությունը ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Սույն պարտականության գիտակցությամբ և համայնքային հաստատությունների մի շարք վարիչների ու առաջատար բարերարների ներկայացրած պահանջին ընդառաջելով` նա գրի է առել նամակը Գերմանիայի խորհրդարանի որոշման կապակցությամբ: Սրբազան հայրը հետևել է Աթոռին ծառայած նախկին Աթոռակալ պատրիարքների և բարձրաստիճան հոգևորականների օրինակին: Սակայն որպեսզի ապագայում ողջ պատասխանատվությունը չընկնի միայն Պատրիարքական Աթոռի վրա, ճիշտ ենք համարում, որ նման արտահայտությունները գրի առնվեն լայնանիստ խորհրդակցական հանդիպումներով` հաշվի առնելով որոշ զգայունությունները:

Տխրությամբ ենք հետևում, թե ինչպես նամակի պարունակության մասին քննադատությունները, գերզգայունության պատճառով անցնելով քննադատության սահմանները, հասել են նախատինքի, սպառնալիքի և նվաստացման մակարդակի: Մեր համայնքի անդամներին հորդորում ենք ցուցաբերել խղճամիտ և սառնարյուն կեցվածք, ինչպես նաև գիտակցաբար մոտենան սույն նամակին` նկատի առնելով մեր երկրում տիրող քաղաքական ու ընկերային իրողությունները 100 տարի առաջ օսմանցի հայերի ենթարկված Մեծ եղեռնի կապակցությամբ»,- ասել են Պոլսո պատրիարքարանից:

*

*