«Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զերծ պահել արհեստական հարցադրումներից». Ա. Աշոտյան

Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մասին քննարկումների մասին:
armen-ashotyan

Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը պետք է առավելագույնս զերծ պահել արհեստական հարցադրումներից: Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մասին քննարկումներին:

«Պետական, սահմանադրական կարգավիճակի հետ կապված հարցը փակված է, կարծում եմ, շահարկումների տեղ չպետք է ունենանք, սակայն լեզվաիմացության հետ կապված լինի դա անգլերենը, թե ռուսերենը, բոլորն էլ, հատկապես երիտասարդները պետք է շատ մոտիվացված լինեն»,- ասաց ԱԺ պատգամավորը:

«Ադրբեջանական մամուլը մեր դիրքորոշումը փորձում էր ներկայացնել որպես հակառուսականության արտահայտություն, իսկ ուկրաինական հատվածն օգտագործում էր այս առիթը մի քիչ այլ տեսանկյունից. հայերը պատվով դուրս եկան և ճիշտ պատասխան տվեցին ռուսներին: Հայկական քաղաքական միտքը պետք է առաջնորդվի սեփական շահերով և տուրք չտա այլոց»,- ամփոփեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հուլիսի 17-ին հայտարարել էր, որ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար Հայաստանի իշխանություններին առաջարկում է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ: Այդ հարցին արձագանքել էր և ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, և Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա եւ չի նախատեսվում:

*

*