Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է եւ վտանգավոր․ Աշոտյան

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին
ashotyan-pashinyan

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է եւ վտանգավոր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ֆեյսուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանը միշտ բաց է մնացել: Հիշեք նաեւ, որ 90-ականներին այդ սահմանը պատերազմող եւ շրջափակված Հայաստանի համար «կյանքի ճանապարհ» էր:

ԱՄՆ-ով, կամ որեւէ այլ երկրով, պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները խստագույնս դատապարտելի կլինի:

Իսկ եթե Փաշինյանի հայտարարության հիմքում ընկած է իրանա-ամերիկյան հնարավոր ռազմական բախումը, ապա դա այնքան կործանարար կլինի ռեգիոնի համար, որ սահմանի փակումով չենք պրծնի, պարոնա′յք: Այդ դեպքում իրավիճակին համարժեք լուծումների մասին խորհե՞լ եք: Էքստրեմալ սցենարներին երկիրը պատրաստե՞լ եք:

Չմոռանաք երբեք նաեւ այն կարեւորագույն փաստը, որ Արցախ-Իրան սահման եւս գոյություն ունի, եւ այն մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Հայաստանինը: Իսկ այդ մասին մտածե՞լ եք: Արցախի Հանրապետության ղեկավարության հետ համատեղ գործողությունների հնարավոր սցենարներ քննարկե՞լ եք:

Աղմկահարույց հայտարարություններից հետո պատրաստ եղեք առերեսվելու բազմաթիվ հարցականների հետ»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ–ում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս պահին Հայաստանն ունի երկու կիսաբաց սահման. «Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների եւ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»։

*

*