«Որպես ընդդիմադիր գործիչ՝ Փաշինյանը զիջում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին և Կարեն Դեմիրճյանին». Աշոտյան

«Կան գործոններ, երևույթներ, որոնք այս կամ այն պարագայում հնարավոր չեն դարձնում...»
armen-ashotyan-aj

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ հատուկ նիստի ժամանակ իր խոսքն ուղղեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Նա արձանագրեց, որ այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը որպես անհատ Նիկոլ Փաշինյանն է:

Պատգամավորը որպես վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթն անվանեց դիմադրողական, արժանապատիվ, բայց ոչ համարժեք այն խնդիրներին, որ կան Հայաստանի համար՝ անվտանգություն, կոռուպցիա, միգրացիա, աղքատություն:

«Անկեղծ ասեմ, ընդդիմադիր այն բոլոր մարդկանց մեջ, որ ես տեսել եմ այս ամբողջ ընթացքում, Փաշինյանը զիջում է և′ Լևոն Տեր-Պետրոսյանին, և′ Վազգեն Մանուկյանին, և′ Կարեն Դեմիրճյանին: Նա հրաշալի խարիզմատիկ, ինտելեկտուալ, խելացի մարդ է, բայց կան գործոններ, երևույթներ, որոնք այս կամ այն պարագայում հնարավոր չեն դարձնում այդ պաշտոնավարումը»,- ասաց նա:

Աշոտյանն անընդունելի համարեց բանաձևը, որ «կամ դուք իմ եղբայրն եք, կամ ես ձեզ պետք է խաչեմ»: «Կործանարար եմ համարում այն մոտեցումը, որ առկա աշխարհաքաղաքական պայմանների պարագայում մեզ ստիպում են կատարել մի ընտրություն, որը ինձ համար անձամբ Հայաստանի ավարտի սկիզբն է: Ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանը, ով հաջողությամբ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի կործանման պատճառ կամ Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ: Նիկոլն իր անունը գրել է Հայաստանի ժողովրդի, նորագույն պատմության մեջ, ոսկե տառերով է գրել՝ պատմության տեսակետից, ժողովրդավարության տեսակետից: Չեմ ուզում փոխվի, ուզում եմ կապիտալիզացնել այն, ինչ ունենք բոլորս: Չէ որ այդ հաղթանակը, ըստ մեր գործընկերների, բոլորինս է»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

*

*