Արմեն Աշոտյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի`ասուլիսին հնչեցրած որոշ տեսակետներին

«Բրյուսելյան այցից հնչած հիասթափությունից հետո ճիշտ հետևություններ չեն արվել»:
ashotyan

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` այսօրվա ասուլիսում հնչեցրած այն տեսակետներին, որոնք վերաբերել են առավելապես արտաքին հարաբերություններին:

«Հայաստանի արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործող իշխանությունների հետ իմ հեռակա բանավեճերը ավանդույթ են դառնում; Իհարկե, աշնանային նստաշրջանում ասելիքի մեծ մասը կտեղափոխվի ԱԺ նիստերի դահլիճ:
Իսկ այսօր անդրադառնամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած որոշ տեսակետներին:

1. Արցախ
Ակնհայտ է դառնում, որ վարչապետը հետևողականորեն մեղմում է Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումները բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված և գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերակագնման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ և լիարժեք կատարման (Վիենա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) անհրաժեշտություն, Ղարաբաղի ժողովրդի որոշիչ ձայնի իրավունք կարգավորման համապատասխան փուլում:

2.Ռուսաստան
Խոցելի եմ համարում հնչած ձևակերպումը, որով հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է: Սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում:

3. ԵՄ
Բրյուսելյան այցից հնչած հիասթափությունից հետո ճիշտ հետևություններ չեն արվել: Փաստացի մեղադրելով ԵՄ-ին սեփական սկզբունքները անտեսելու մեջ և շեշտադրելով ԱՎԵԼԻՆ ԱՎԵԼԻԻ ԴԻՄԱՑ դրույթը՝ վարչապետը կրկին մոռացավ, որ այդ դրույթը գործում է ոչ թե ԱՎԵԼԻ հնչեղ լոզունգների, կամ ԱՎԵԼԻ էմոցիոնալ հայտարարությունների, այլ ԱՎԵԼԻ արագ բարեփոխումների, ԱՎԵԼԻ ինստիտուցիոնալ լուծումների, ԱՎԵԼԻ շոշափելի արդյունքների դեպքում: Այնինչ ներկա պահին Հայաստանը չի կատարել Համապարփակ համաձայնագրով նախատեսված գեթ մեկ գործողություն կամ բարեփոխում»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները