Աշոտ Կուրղինյան. «Ապրիլի 2-ին պետք է գնանք և փորձենք կեղծավորին անկեղծից տարանջատել»

ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպում է ունեցել Գյումրիում:
ashot-kurghinyan

yerkir.am— ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպում է  ունեցել Գյումրիում:

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը, ով Շիրակի մարզից ՀՅԴ կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու է, դիմելով ներկաներին՝ նշեց, որ ՀՀ համար 2017 թվականի ապրիլի երկուսը շատ կարևոր օր է:

«10 օր մնաց ձեզ որպես ընտրող՝ մտածելու, մտորելու, համեմատելու, թե ում եք ընտրելու, և 10 օր մնաց մեզ՝ որպես թեկնածուներ՝ փորձելու ձեզ ներկայացնել, համոզել խնդրել, թե ինչու պետք է ընտրել ՀՅԴ-ին»,- ասաց նա, ապա հավելեց.

«Դուք այսօր հիմնավոր պատճառներ ունեք  ապրիլի երկուսին թիկունք կանգնելու Դաշնակցությանը, զորակցելու Դաշնակցությանը, որ իրոք նոր սկիզբ դնենք մեր պետության մեջ»:

Կուրղինյանն իր խոսքում նշեց, որ մեր անկախությունից ի վեր շուրջ քառորդ դար բոլորը սպասում են այն խոստման իրականացմանը, որը տրվեց այն ժամանակյա իշխանությունների կողմից:

«Խոստացան, որ  մենք իրոք ունենալու ենք իրավական երկիր,  ժողովրդավարություն, ազատություն բայց մենք քառորդ դար դեռ սպասում ենք: Այսօր Դաշնակցությունն եկել է այդ հանձնառությունը կատարելու, այդ խոստումը կատարելու, որովհետև Դաշնակցությունն այն ուժն է, որը հետևողականորեն, առանց վարանելու հասավ այս օրվան, երբ մենք ունեցանք նոր Սահմանադրություն, նոր կառավարման համակարգ»,- ընդգծեց Կուրղինյանը:

Ըստ նրա՝ Դաշնակցությունը երբեք իր ասելիքը չի փոխել:

«Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որն իր դեմքը երբեք չփոխեց թե՛ իշխանության մեջ, և թե՛ ընդդիմության մեջ: Դաշնակցությունը ժողովրդի ծնունդն է, դուք եք Դաշնակցության տերը»,- ասաց թեկնածուն ընդգծելով՝  Դաշնակցությունը հավաքական ղեկավարություն ունեցող կուսակցություն է, այլ ոչ թե անհատի կողմից ղեկավարվող:

Ըստ նրա, սրանք հիմնավոր պատճառներ են այսօր վստահելու Դաշնակցությանը:

«Մենք իրոք պետք է դնենք նոր սկիզբ, մենք իրոք ապրիլի 2-ին պետք է գնանք և փորձենք կեղծավորին անկեղծից տարանջատել: Ձեր խղճով կատարեք ընտրություն ու ձեր ձայնը տվեք այն ուժին, որը իրոք կատարել է փոփոխություններ. այդ ուժը այսօր Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է»,- շեշտեց նա:

*

*