Արթուր Ղազարյան. «ՀՅԴ ծրագրին այն ավելի պրակտիկ է, ավելի իրատեսական է, ավելի լուծելի»

Ղազարյանի խոսքով ՀՅԴ-ն խորհրդարան մտնելու խնդիր չունի, չի ունեցել ու չի ունենալու:
artur-ghazaryan

yerkir.am— Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ վարկանիշային թեկնածու Արթուր Ղազարյանը նշեց, որ քարոզարշավի մեկնարկը դրական է գնահատում: Իրենք ունեն հանդպումների հստակ ժամանակացույց:

«Բացի այն, որ մեր ռեյտինգային թեկնածուները ամեն օր իրենց տարածքներում հանդիպում են ընտրողների հետ, մեր համամասնական թեկնածուները հանդիպումներ կունենան մարզերում, համայնք չի մնա, որ հանդիպում չլինի»,- ասաց նա, հավելելով՝ ընդհանուր առմամբ գոհ է քարոզարշավից և կարծում է, որ մարտի կեսերից քարոզարշավը նոր ակտիվ փուլի շրջան կմտնի:

Ինչ վերաբերում է իրենց ծրագրին, ապա ըստ Ղազարյանի՝ ՀՅԴ ծրագրին արդեն մասնագետները գնահատական տվել են: «Շատ ենք տեսել այս տարիներին, որ ժողովրդին հեքիաթներ են հրամցրել որպես ծրագիր: ՀՅԴ ծրագրին արդեն մասնագետները տվել են գնահատական. այն ավելի պրակտիկ է, ավելի իրատեսական է, ավելի լուծելի է:

Տակտիկական մոտեցումներ կան, որով ճանապարհ են հարթում խնդիրների լուծման համար»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին՝ ապագա խորհրդարանում որ ուժի հետ կհամագործակցեն, ապա ըստ Արթուրի՝ իրենք պատրաստ են բոլոր ուժերի հետ համագործակցել, քանի որ խորհրդարանական համակարգը թույլ է տալիս առանց կոալիցիա կազմելու էլ համագործակցել խորհրդարանական ուժերի հետ: Ղազարյանի խոսքով ՀՅԴ-ն խորհրդարան մտնելու խնդիր չունի, չի ունեցել ու չի ունենալու:

«Դա պայմանավորված է մեր կուռ կառույցով, մեր կազմակերպվածությամբ, ՏԻՄ ընտրություններում ունեցած մեր տեղերով: ՀՅԴ-ն խորհրդարան անցնելու խնդիր չի ունենա, քանի որ ընտրազանգվածի, ամբողջ հասարակության հանդեպ եղել է ավելի անկեղծ, ավելի չափավոր, վստահություն ներշնչող, ուստի այստեղ քննարկման հարց չի կարող լինել»,- ասաց նա:

*

*