Արթուր Գևորգյանը հայտարարել է ՀՀԿ-ից և ԱԺ «Հանրապետական» խմբակցությունից դուրս գալու մասին

ՀՀԿ խմբակցության պատգամավորը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։
artur-gevorgyan

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Արթուր Գևորգյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով:

«Ժամանակն է օգտվել պատմական հնարավորությունից: Հարկավոր է արագ ինքնակազմակերպվել ներսում, արտաքին քաղաքական հարաբերություններում ձեռք բերել անկախության աննախադեպ կարգավիճակ և արդյունքում դուրս գալ շահեկան դիրքերով: Կկարողանանք՝ կմնանք պատմության մեջ բոլորս, բոլորս միասին, առանց բացառության: Առաջին քայլը արված է… Հիմա ժամանակն է զբաղվել ներքին հարցերով, հնարավորինս արագ, առանց ժամանակ կորցնելու, առանց ներքաղաքական խաղերի, երբեք չառաջնորդվել նեղ թիմային շահերով:  Նախկինում առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ: Թիմային պայքարում բարոյական չեմ համարում քննադատության դետալային բարձրաձայնումը, դա ևս քաղաքական մշակույթի կանոններից է, բայց եւ այսօր չեմ տեսնում առողջացմանն ուղղված ոչ մի էական գործողություն: Չեմ ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող քաղաքական ուժի եւ ժողովրդական շարժման միջև: Այն անտեղի է, ծայրաստիճան վտանգավոր:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից: Միաժամանակ մեկ այլ դիմումով դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից»,- մասնավորապես նշված է Ա. Գևորգյանի հայտարարության մեջ:

*

*