Գլխավոր դատախազը միջնորդեց Մանվել Գրիգորյանին կալանավորելու համաձայնություն տալ — Երկիր Մեդիա

Գլխավոր դատախազը միջնորդեց Մանվել Գրիգորյանին կալանավորելու համաձայնություն տալ

Արթուր Դավթյանը հրապարակեց Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը և այլ տարածքներում կատարված խուզարկության արդյունքները
datakhaz

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում հրապարակեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը:

Արթուր Դավթյանը հրապարակեց Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը և այլ տարածքներում կատարված խուզարկության արդյունքները: Գլխավոր դատախազն ընթերցեց նաև գեներալի ամառանոցում առկա պահածոների, խտացրած կաթի տուփերի միջից և արկղերի վրա հայտնաբերված` աշակերտների նամակներից մեկը:

Նշենք, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների ու ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված մեծ քանակությամբ պարկերով և արկղերով սննդամթերք, բժշկական և հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող` իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գլխավոր դատախազը հայտարարեց, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և իր կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ  յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Այսպիսով` դատախազը միջնորդեց համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելուն:

*

*