«Չեմ պատրաստվում հրաժարական տալ». Արծվիկ Մինասյան

«Հսկայական անելիքներ կան...»
arcvik-karavrutyun

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հերքում է իր հրաժարականի մասին տեղեկությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանը պնդեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:  «Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ, ի՞նչ եք ուզում։ Երեկ մամուլի խոսնակը հերքել է այդ տեղեկությունը։ Ի՞նչ է նշանակում հրաժարական եք տալու»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

Նախարարն ասաց, որ ինքը վճռական է տրամադրված, քանի որ տնտեսության զարգացման, հակամենաշնորհային քաղաքականության ոլորտներում հսկայական անելիքներ կան։

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի ներդրման մասին որոշմանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, որտեղ որոշումները կայացվում են բոլորի կողմից և այս պահին որոշումն այն է, որ հուլիսի 1-ից պետք է գործի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։

«Պարոն վարչապետը հստակ բացատրեց, որ եթե այս համակարգը հետաձգվի, այն 270 հազար աշխատողները լեգիտիմ հարց են բարձրացնելու՝ ինչու են իրենք համակարգին միացել, բայց այն դարձյալ հետաձգվում է։ Այս փոփոխություններով մենք մեղմում ենք համակարգին միացողների բեռը՝ օրակարգում պահելով շատ հստակ հարց՝ արդյոք պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրակա՞ն է, թե՝ ոչ»,-ասաց նախարարը:

«Մենք համոզված ենք, որ պարտադիր կուտակային համակարգը այն ձևով, ինչպես մենք ունենք, չի համապատասխանում մեր քաղաքացիների շահերին՝ մեր պետության տնտեսական ներկա պայմաններում։ Մեր պայքարը Սահմանադրական դատարանում ու փողոցում հստակ հիմքեր ուներ։ Այս կառավարությունը ունի հնարավորություն ուսումնասիրել հակասահմանադրականության հարցը»,-հայտարարեց Մինասյանը։

Նախարարի կարծիքով՝ սկզբունքայնությունը այդ հարցի լուծման ուղղությամբ հետևողական գնալն է։ «Երբ զգանք՝ անհնարին է այլևս շարունակել, համոզված եղեք, որ կամք ու վճռականություն կա հեռանալու»,-հավելեց նախարարը։

*

*