Արցախը՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերում

Արցախի խնդրի կարգավորման ի՞նչ եղանակներ են առաջարկում քաղաքական ուժերն ընտրություններից առաջ, եւ որ ուժն է, որ չի առաջարկում ոչինչ:

 

Ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը ունեն Արցախի խնդրի կարգավորման իրենց տեսլականը: Մեկը կարգավորում է առաջարկում Ադրբեջանի հետ հաշտվելու ու փոխզիջման գնով: Մյուսն ասում է՝ ոչ մի միակողմանի զիջում, երրորդը խոսում է ժողովրդական դիվանագիտության, չորրորդը՝ Արցախին բանակցային կողմ դարձնելու անհրաժեշտության մասին:

Բոլորը, չհաշված ծրագրում Արցախին չանդրադարձած բացառությունը, պատրաստ են լինել Արցախի հետ, նպաստել տնտեսական զարգացմանը, պաշտպանել նրա անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը: Արժե, սակայն, նկատել, որ Արցախի խնդրի կարգավորումը քաղաքական կուսակցությունների ծրագրերում տեղ գտած այն փոքրաթիվ հարցերից է, որոնց լուծումը իրենցից՝ կուսակցություններից կախված չէ, եւ այս դեպքում բացառություն չէ անգամ իշխող կուսակցությունը: Այսուամենայնիվ, Արցախի խնդրի կարգավորման ի՞նչ եղանակներ են առաջարկում քաղաքական ուժերն ընտրություններից առաջ, եւ որ ուժն է, որ չի առաջարկում ոչինչ:

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Արցախի բնակչությունը. «Հանրապետականը» իր ծրագրում գրել է, որ այս սկզբունքից երբեք չի հրաժարվելու: Սատարելու է խաղաղ բանակցային կարգավորմամբ խնդիրը լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` պատրաստ լինելով պատերազմի.

«Անընդհատ եւ մշտապես կատարելագործելու ենք մեր պաշտպանական կարողությունները, որպեսզի հակառակ կողմի մտքով երբեւէ չանցնի, որ խաղաղ բանակցային գործընթացից անդին որեւէ այլ ճանապարհ կա»: Իշխող կուսակցությունը շարունակելու է աշխատանքը՝ Արցախը բանակցային լիիրավ կողմ դարձնելու ուղղությամբ:
Գործադրել ջանքեր՝ իր ապագային վերաբերվող բանակցություններում Արցախին որպես լիիրավ կողմ ներգարվելու համար,-գրված է դաշնակցության ծրագրում:

«Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը Հայկական հարցի, Հայ դատի անբաժան մաս է»,-համոզված է ՀՅԴ-ն: Կուսակցության համար Արցախի անկախությունը մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է. վերջնական լուծումն Արցախի վերամիավորումն է Մայր Հայաստանին: Դաշնակցության ծրագրում գրված է.

«Մենք ինքներս պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը: Միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում եւ ավելի իրական են դարձնում պատերազնմի սպառնալիքը»:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը Հայստանի եւ Արցախի անվտանգության ու անգամ գոյության հրամայական է համարում հաշտությունը հարեւանների հետ. «Հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից դառնալ բոլոր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առեւտուր, հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր»: Դաշինքը համոզված է, որ հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, Արցախի ինքնորոշման իրավունքի յուրացումը, իսկ խաղաղության ծրագիրը, թեկուզ ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման է Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական, բարոյական արատավոր համակարգը հիմնովին առողջացնելու համար:

«Բացառել միակողմանի ցանկացած զիջում: Խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին»,-գրված ՕՐՕ դաշինքի ծրագրում: Դաշինքը հիշեցնում է, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են կողք -կողքի եւ խաղաղություն են ուզում. ծրագրում գրված է, թե պատերազմի են մղում արկածախնդիր գործիչներն՝ ի դժբախտութուն սեփական ժողովրդի: Կայուն խաղաղության հաստատման, Արցախում անվտանգություն ապահովելու համար դաշինքը անհրաժեշտ է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության պահպանումը: ՕՐՕ-ում մտածում են, որ հայերի ու ադրբեջանցիների միջեւ փոխվստահության մթնոլորոտ ձեւավորելու համար պետք է խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը. առանց այս փոխվստահության մթնոլորտի՝ կարգավորման մասին խոսելն անիմաստ է: Կարծում են, որ առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանների ճշգրտումը:

«Ազատ դեմոկրատները» համոզված է՝ պետք է պահանջել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ անդամ պետություն, ՀԱՊԿ-ի անդամ երկները Ադրբեջանին սպառազինություն չվաճառեն: Կուսակցությունը խաղաղության հաստատումը անհետաձգելի ռազմավարական խնդիր է համարում, բայց նշում է.

«Հարեւանների հետ խաղաղության հաստատման գինը չի կարող լինել նրանց հարուցած սպառնալիքների եւ վտանգների ներքո ազգային իրավունքներից ու ինքնիշխանությունից հրաժարումը»:

«ԵԼՔ» դաշինքը առաջնային է համարում ռազմական հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. փոխզիջումների կարելի է խոսել միայն դրանից հետո: «Ելք»-ում համոզված են՝ որեւէ փոխզիջում չի կարող լինել արդյունավետ եւ չի բխի Հայաստանի շահերից, քանի դեռ Ադրբեջանում հնչում է ռազմական հռետորաբանություն:

«Ծառուկյան» դաշինքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակ է համարում ԼՂՀ միջազգային ճանաչումը: Դաշինքի 30 ծրագրային դրույթներից մեկը Արցածի մասին է: Գրված է.

«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության եւ փոխզիջումների հիման վրա: Առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել»:

«Հայկական վերածնունդը» եւս իր ծրագրային առաջնահերթությունները ներկայացնում է 30 կետով, բայց դրանցից ոչ մեկը Արցախի մասին չէ: «Արցախ» բառն այստեղ հիշատակվում է ընդամենը մեկ անգամ, ամենավերջին՝ 30-րդ կետում.

«Ամրապնդել Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը» կապակցության մեջ:

*

*