Արցախը բանակցություններում ներգրավելու հայտարարությունների շարքը ոչ թե մարտահրավեր է, այլ երկխոսության հրավեր. Փաշինյան

«...մենք չենք պատկերացնում մի ռեժիմ, որ կողմերից որևէ մեկն ասի ես երկխոսությունից հրաժարվում եմ»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախը ներգրավելու Հայաստանի առաջ քաշած օրակարգը նորություն չէ ո′չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ո′չ էլ Ադրբեջանի համար: Մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքա՞ն է պատրաստ սպասել Հայաստանը, եթե Ադրբեջանը չհամաձայնի Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու հայկական կողմի դիրքորոշման հետ:

«Սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա: Դիվանագիտական գործընթացում պետք է պարզապես հետևողականորեն աշխատել, որովհետև ես անկեղծ ասեմ՝ այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ոչ էլ մեր ադրբեջանցի գործընկերների համար: Այն, ինչ ասել ենք այս ընթացքում, այդ օրակարգը ես որոշ շփումների ընթացքում առաջադրել եմ. դա նույն օրակարգն է, որը ձևավորվել է 2018 թվականի մայիսին, այդ օրակարգի սպասարկումը մենք շարունակում ենք, և ուզում եմ արձանագրել մի կարևոր նրբություն. ինչպես արդեն Ստեփանակերտում հայտարարել եմ, սա մեր կողմից ոչ քմահաճույք է,  ոչ նախապայման: Սա ձևաչափի փոփոխության առաջարկ չէ, բանակցային ձևաչափի վերականգնման առաջարկ է: Մենք այս թեմայով քննարկումը շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այդ քննարկումը շարունակել փաստարկների դաշտում, որովհետև բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք: Հայաստանը ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել դիմացինին, փորձել հասկանալ դիմացինին և մենք նույնն ակնկալում ենք նաև նրանցից: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց մենք նույն ակնկալիքը պետք է ունենանք նաև մեր գործընկերներից, որովհետև հակառակ դեպքում խոսակցություն տեղի չի ունենա»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունն արել է Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, իսկ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը նույն հայտարարությունը կրկնել է Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այս հայտարարությունների շարքը մարտահրավեր չէ, սա երկխոսության հրավեր է, երկխոսության գործընթաց է: Այդ երկխոսությունը նոր չի սկսվել, դա սկսվել է Դուշանբեում, շարունակվել է Սանկտ Պետերբուրգում, Դավոսում, հաջորդ երկխոսությունը չգիտեմ, թե որտեղ տեղի կունենա, և մենք չենք պատկերացնում մի ռեժիմ, որ կողմերից  որևէ մեկն ասի` ես երկխոսությունից հրաժարվում եմ: Դա տրամաբանական մոտեցում չի լինի, մենք էլ չենք հրաժարվի երկխոսությունից, իսկ այդ երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Կարծում եմ, որ կառուցողական և արդյունավետ լուծումը կամ շարունակությունը հենց այս տրամաբանության շրջանակում պետք է լինի»,- եզրափակեց Փաշինյանը:

*

*