Արցախում մեկնաբանել են Ինտերպոլին դիմելու Ադրբեջանի դատախազության փորձերը

Ադրբեջանը սխալվել է՝ սահմանափակումներ ակնկալելով:
lxh-aj

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները մեկնաբանել են Արցախում դիտորդական առաքելության համար Ինտերպոլի միջոցով Ադրբեջանի գլխավոր դատախազության մի խումբ գործիչների միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը:

«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն ասել է, որ Ադրբեջանից արդեն ամեն ինչ սպասելի է. նրանց ոչ մի քայլ այլևս չի զարմացնում:

«Վերջերս Իլհամ Ալիևը կնոջը նշանակել է իր առաջին տեղակալ, հիմա էլ Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ է իբր հետախուզում հայտարարել: Սա ուղղակի քմծիծաղ է առաջացնում, ես կարծում եմ, որ որևէ նորմալ մարդ չի կարող հավանության տալ Ադրբեջանի այդ քայլին: Դա նրանք փորձում են կապել մեր հանրաքվեի հետ, որին ավելի քան 100 միջազգային դիտորդներ են մասնակցել: Այնպես որ, իմ կարծիքով, Ադրբեջանը փորձում է մեկուսացնել Արցախն աշխարհից, բայց ստանում է միանգամայն հակառակ պատկերը. նրանց քայլերը բումերանգի ազդեցություն են ունենում: Այս առումով Լապշինի ձերբակալության փաստը լավ օրինակ է: Նրանք ապաշնորհ, կացնային քաղաքականություն են վարում, ինչը բնականաբար չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից»,- նշել է Վ. Բաղրյանը:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքով՝ Լապշինի գործից հետո շատ կարևոր էր, որպեսզի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությունների ներկայությունը Արցախում մեծ լինի:

«Կարծում եմ՝ Ադրբեջանը, Լապշինի գործը քաղաքական հրապարակ բերելով հանդերձ, չի կարող որևէ ազդեցություն ունենալ Արցախ այցելողների վրա: Ադրբեջանը սխալվել է՝ սահմանափակումներ ակնկալելով: Ի վերջո, դիտորդական առաքելություն անցկացնող պատվիրակություններն ականատես եղան Արցախում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, մյուս կողմից՝ Ադրբեջանի «բարձրաստիճան պաշտոնյանների նշանակման» փաստի մասին տեղեկացան: Նրանք արդեն կարող են օբյեկտիվորեն համեմատություններ անցկացնել երկու երկրների միջև»,- ասել է Դ. Իշխանյանը:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն էլ նշել է, որ հենց միջազգային դիտորդներից շատերը չէին թաքցնում, որ իրնեց չի հետաքրքրում Ադրբեջանի քայլերը: «Նրանք չեն նախատեսում իրենց ամառային արձակուրդներն անցկացնել Բաքվի նավթի մեջ, հետևաբար, Ադրբեջանը ոչ մի լուրջ ակնկալիք չի կարող ունենալ այս հայտարարություններն անելով»,- հավելել է Հ. Խանումյանը:

*

*