Բժիշկ-հրաշագործը ՀՅԴ-ին չմերժեց. Սահակյանը վերադառնում է քաղաքականություն

Հիվանդներն ու գործընկերները լեգենդներ են պատմում Արտավազդ Սահակյանի մասին:

Նրա մասին պատմություններ են պատմում ու բնորոշում մեկ բառով՝ հրաշագործ: Արտավազդ Սահակյանին 42 տարվա ընթացքում կյանքով ու առողջությամբ պարտական են հազարավոր մարդիկ: Ոմանց կյանքն էր վտանգի տակ, ոմանց փրկեց հաշմանդամությունից:

Հիվանդներն ու գործընկերները լեգենդներ են պատմում: Օրինակ՝ այն, որ երկրաշարժի ժամանակ չընդատեց վիրահատությունն ու իր թիմին թույլ չտվեց հեռանալ՝ մինչեւ վերջին կարը կդրվեր:

«Երբ երկրորդ ցնցումը եղավ, անեսթեզիոլոգը մտավ վիրահատարանի սեղանի տակ: Ասիստենտ տղաները նայեցին դեմքիս: Հասկացա, որ ինձանից է կախված նրանց աշխատանքը, գործի հաջողությունը: Կանգնեցի, կատարեցի վիրահատությունը, որովհետեւ չէինք կարող թողել. վերքը բաց էր, հիվանդը կարյունահոսեր»,- հիշում է Արտավազդ Սահակյանը:

Հրաշագործ բժշկի մասին պատմվող լեգենդներից մեկի վկան ու հերոսը մայոր Միքայել Բաթոյանն է: Պատերազմի ամենաթեժ պահն էր, երբ նրան, ծանր վիրավորված, հասցրին Երեւան: Մեկ ոտքն արդեն անհնար էր փրկել, երկրորդը՝ բժիշկները միաձայն որոշել էին անդամահատել, Արտավազդ Սահակյանը թույլ չէր տվել: Ու արդեն 25 տարի հենց այդ ոտքով այցելում է կյանքը փրկած բժշկին, որը վաղուց ընկեր է դարձել:

Դեռ երիտասարդ էր, երբ իր վիրահատություններով հայտնի դարձավ: Երբեք չի մոռանում այն դեպքը, երբ 12 հոգու փոխարեն միայն մեկ ասիստենտով կատարեց բացառիկ վիրահատությունը ու հենց այն ավարտեց՝ գիտակցեց՝ Հայաստանում նոր պատմության սկիզբ դրեց:

«Ամենահուզիչ պահերից մեկը եղել է, երբ 1985 թվականին Հայաստանի պատմության մեջ առաջին տրանսպլանտացիան կատարեցինք: Երկրորդը՝ Ֆրանսիայում, երբ իրենց վիրաբույժը ձախողեց, եւ ինձ հրավիրեցին կատարելու վիրահատությունը»,- պատմում է Սահակյանը:

Այդպես Երեւանի բժշկական համալսարանում հիմնադրեց պլաստիիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնը: Դրանից հետո սկսվեց բարդ վիրահատությունների շղթան: Մինչեւ հիմա դեռ շատերի մարմնի ամենավնասված հատվածները սկսում են վերստին արյուն ստանալ հրաշագորժ բժշկի ձեռքով:

«Ամենաբարդ վիրահատությունը եղել է, երբ դեմքի ստորին հատվածը՝ ստորին ծնոտը պետք էր վերականգնել։ Բերանի խոռոչ չկար, 12 ժամ տեւեց. տարբեր բաղադրամասերով ստեղծվեց մարդու դեմքը՝ բերանի խոռոչ, ծնոտ, որպեսզի նա սովամահ չլիներ»,- ասում է բժիշկը:

Հանրապետության գլխավոր միկրովիրաբույժ, վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանն այսօր մտնում է քաղաքականություն: Խոստովանում է, 1999-ից հետո, երբ պատգամավոր էր, որոշեց փակել քաղաքականության թեման: Դաշնակցության առաջարկը, սակայն չմերժեց. երկրում խնդիրները հենց հիմա պետք է լուծվեն:

«Ներկա վիճակը, հուսահատության մթնոլորտը, հայաթափումը, բազմաթիվ այլ խնդիրներ ստիպեցին ինձ համաձայնություն տալ առաջարկին, որ ինձ արվեց եւ աջակցել Դաշնակցությանը: Ես այս հողի վրա ե´ւ արյուն եմ տվել, ե´ւ մտերիմների եմ կորցրել, երբեք չեմ հեռացել, թեեւ այդ հնարավորությունն ունեի»:

Հիվանդանոցի մի անկյունում, գրապահարանում, մի ամբողջ պատմություն է: Գրքերն ամփոփում են արցախյան պատերազմի մի մասը: Մնացած հուշերը դեռ հետո կգրվեն: Այն ժամանակ, երբ ձեռքից կդնի նշտարն ու արդեն հանգիստ կվերցնի գրիչը:

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*