Քվեարկել եմ հանուն ազգային նկարագիր ունեցող և սոցիալապես արդար Հայաստանի. Արսեն Համբարձումյան

«Ակնկալում ենք գիտակից ընտրություն»
arsen-hambardzumyan

Մեծ հաշվով` կարողացել ենք հնարավորինս արդյունավետ քարոզարշավ իրականացնել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արսեն Համբարձումյանը:

Թիվ 7/46 ընտրատեղամասում քվեարկած դաշնակցական թեկնածուն նշեց, որ քարոզարշավը շատ կարճատև էր, այնուամենայնիվ, այդ սահմանափակ ժամանակահատվածում փորձել են առավելագույն ջանք գործադրել, որպեսզի Դաշնակցության մոտեցումները, ասելիքն ու պատկերացումները հասցնեն ընտրողներին:

«Կարծում եմ`այդ հարցում հաջողել ենք: Ակնկալում ենք գիտակից ընտրություն: Այսօրվա ընտրությունների հետ կապված գործընթացը,  որքանով այս պահին տիրապետում ենք տեղեկատվությանը, բավականին հանդարտ է ընթանում: Ակնկալում ենք, որ այդպես էլ կշարունակվի: Հուսամ` հետագա ժամերի ընթացքում տարբերվող իրավիճակ չենք ունենա»,-ասաց Համբարձումյանը:

Հարցին` հանուն ինչի՞ է քվեարկել, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Քվեարկել եմ հանուն պատասխանատու պետության, հանուն համերաշխ հասարակության, հանուն ազգային նկարագիր ունեցող և սոցիալապես արդար Հայաստանի»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները