«Պատերազմի՞ եք պատրաստվում… Հույս մի դրեք մեր ներքաղաքական հակասությունների վրա». Արփինե Հովհաննիսյան

«Այն, ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է»
arpine-hovhannisyan-exxv2 (1)

ԱԺ փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խոսքս՝ ուղղված ադրբեջանցի գործընկերներին

Հիշեք՝ այն ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է։

Հարգելի գործընկերներ,

Արդեն մեկ տարի է, այս վեհաժողովում հանդես եմ գալիս որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար և այս ընթացքում իմ ելույթներից ոչ մեկը նվիրված չի եղել Ադրբեջանին։ Սակայն երեկ մեր ադրբեջանցի գործընկերներից մեկը մի միտք արտահայտեց, որին չեմ կարող չարձագանքել։ Տիկին Ֆատալիևան այնքան ոգևորված էր ներկայացնում Ադրբեջանում ընտրությունները և այնքան էր ջանում արժանանալու իր իշխանությունների գովեստին, որը ասաց հետևյալը, մեջբերում եմ. «Մենք անգամ չենք քննարկում Հայաստանում ընտրությունները, նրանք համարվել են թափանցիկ և ժողովրդավարական, բայց որոշ ժամանակ անց հայ ժողովուրդը ոտքի ելավ այսպես կոչված «լեգիտիմ» ընտրությունների դեմ և սկսվեցին զանգվածային ցույցեր»։ Իրականում մեր ադրբեջանցի գործընկերների կողմից նման վարքագիծը նորություն չէ, և նրանք միշտ թիրախավորում են Հայաստանը` իրենց խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ Այնուամենայնիվ, չարձագանքել անհիմն հնչած մեղադրանքներին նվազագույնը ազնիվ չէ իմ երկրի նկատմամբ։ Իրոք, տիկին Ֆատալիևա, Հայաստանում ընտրությունները թափանցիկ և ժողովրդավարական էին. նման գնահատականներ պաշտոնապես տրվել են բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։

Սակայն երբ պարզ դարձավ, որ երկրում առկա քաղաքական տրամադրությունները այլ են եւ չեն համապատասխանում ժողովրդի ակնկալիքներին նախկին վարչապետը և կառավարությունը հրաժարական տվեցին եւ հանձնեցին իշխանությունը։ Իշխանության փոխանցման խաղաղ ու ոչ բռնի եղանակը խոսում է Հայաստանում իրական ժողովրդավարության հասունության մասին եւ իմ երկրի ձեռքբերումն է։

…Եվ վերջապես, Արցախի վերաբերյալ հավերժ հնչող շահարկումների մասին:

Հայաստանի գործողությունները ցույց են տալիս, որ մեր թիվ մեկ առաջնահերթ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է: Եվ կխնդրեի , որ բացատրեք այս վեհաժողովին, թե ինչու եք դուք այս օրերին կրկին զենք և զինամթերք կուտակում սահմանին: Պատերազմի՞ եք պատրաստվում

Ուզում եմ ընդգծել.

Հույս մի դրեք մեր ներքաղաքական հակասությունների վրա։ Մենք աջակցում ենք մեր իշխանություններին մեր ազգային միասնության, անվտանգության, ինքնության, արժանապատվության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բոլոր հարցերում»,-մասնավորապես նշված է Արփինե Հովհաննիսյանի գրառման մեջ:

*

*