ՀՀ նախագահի շնորհավորանքը՝ Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ

«Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը»
armen-sargsyan-dadivanq-mom2 (1)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ: Շնորհավորանքի մեջ ասված է.

«Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին Հայաստանում գտնվող հյուրերին:

Այս օրը քրիստոնյա աշխարհի կողմից նշվում է առանձնահատուկ հանդիսավորությամբ և սիրով, առավել ևս մեր ժողովրդի պարագայում: Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր, քրիստոնեական հավատն արդեն բազում դարեր խորն ու ամուր նստած է հայ հողի, հայ մարդու, մեր ինքնագիտակցության մեջ:

Այս տոնը նաև յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված, ավելի հեռատես, հաստատակամ, հանդուրժող, հատկապես որ աշխարհն այսօր լի է անկայուն և մտահոգիչ իրադարձություններով:

Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը, մղի նոր ու բարի գործերի՝ հանուն Հայաստանի և մեր ժողովրդի:

Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

*

*