Բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան․ Արմեն Սարգսյան

Նախագահի ուղերձը՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ
armen-sargsyan

Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ուղերձում նշված է.

«Սիրելի′ hայրենակիցներ,

Նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով: Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ հնարավորություններ էլ ունենանք:

Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատվորեն շարունակե′ք ձեր օրինական պարտականությունների և սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հավասար ու օրինական ընտրություններն այլևս մեր նոր պատմության անբաժանելի մասն են։

Դիմում եմ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին և դաշինքներին. հույս ունեմ, որ մեծագույն պատասխանատվությամբ եք մոտեցել ձեր քաղաքական հայտերի՝ թիմերի և ծրագրերի ձևավորմանը: Դրանք ուղենշելու են Հայաստանի հետագա զարգացման ճանապարհները:

Հավատարիմ եղե′ք ձեր դավանած արժեքներին, միևնույն ժամանակ, հարգալից ու բարեկիրթ՝ միմյանց նկատմամբ։

Գալիք ընտրություններում հաջողություն եմ մաղթում մասնակից բոլոր քաղաքական միավորներին:

Դիմում եմ մեր քաղաքացիներին. ծրագրերի քննարկման ժամանակ եղե′ք պահանջատեր, լսե′ք բոլորին, որպեսզի տեղեկացված և գիտակցված կերպով կատարեք ձեր ընտրությունը։ Կայացրե′ք ձեր որոշումը Հայաստանի զարգացման ձեր պատկերացումներին, ձեր արժեքներին համապատասխան:

Հիշե′ք, որ բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին»:

*

*