Արմեն Սարգսյան. Ճիշտ կլինի այդ հարցն ուղղեք Սերժ Սարգսյանին

«Եթե ես ընտրվեմ հանրապետության նախագահ...»
armen-sargsyan1

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրված` ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարցրեց` ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե չի հավակնելու նախագահի կամ վարչապետի պաշտոնին, սակայն ՀՀԿ-ն ցանկանում է նրան առաջադրել վարչապետի պաշտոնում:

Արմեն Սարգյանը հորդորեց Փաշինյանին` Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին մեկնաբանություններ խնդրել միայն Սերժ Սարգսյանից։ Նա նաև նշեց, որ չի կարող այս պահին մեկնաբանել քաղաքական մյուս գործիչների մեկնաբանությունները: «Եթե ես ընտրվեմ հանրապետության նախագահ, դրանից հետո ԱԺ-ում իշխող կուսակցությունը որոշի առաջադրել Սերժ Սարգսյանին, և այն պահին, երբ հանրապետության այսօրվա նախագահն այստեղ կանգնած լինի, ճիշտ կլինի այդ հարցն ուղղեք նրան, ոչ թե` ինձ»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Փաշինյանի մյուս հարցին` ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, նա պատասխանեց, որ ինքը լրջորեն է վերաբերվում այդ հարցին, քաղաքացիական հասարակության և ՄԻՊ-ի հետ քննարկել է այս հարցը ու տարբեր կարծիքներ լսել, ապա խնդրել է իրեն փաստաթուղթ տրամադրել։

«Դեռևս չեմ տեսել եվրոպական ինստիտուտներից փաստաթուղթ, որի վրա գրված է, որ ինչ-որ անձ քաղբանտարկյալ է։ Երբ ներկայացնեն, տեսնեմ այդ փաստաթղթերը, իմ անձնական կարծիքը կասեմ»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Թեկնածուն հավելեց, որ ՀՀ-ում քաղբատարկյալներ պետք է չլինեն։

*

*