Սարգսյանն ընդունել է Սարգսյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
serj-armen-sargsyan

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի կողմից մարտի 2-ին Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, ով Սահմանադրության համաձայն պաշտոնը կստանձնի Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Հայաստանի համար ապագա տարիները լինելու են լավագույն ձեռքբերումների տարիներ:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Սա, անշուշտ, շատ կարևոր իրադարձություն է մեր ժողովրդի և պետության կյանքում և, իհարկե, շատ կարևոր հանգրվան է խորհրդարանական ժողովրդավարության կայացման ճանապարհին: Վստահ եմ, որ Դուք լավագույնս եք կատարելու Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները:

Այս ընթացքում ուշադրությամբ հետևելով Ձեր հանդիպումներին՝ ես ուղղակի համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մինչև Ձեր պարտականությունների ստանձնումը մնացել է քառասուն օր: Այս քառասուն օրերի ընթացքում Դուք ամբողջովին կարող եք ապավինել իմ աշխատակազմի, մեր պետական կառույցների բոլոր պաշտոնյաների աջակցությանը և տնօրինեք այդ ժամանակը ինչպես կցանկանաք, որովհետև այդ դժվար և պատվաբեր պարտականությունները կատարվում են ի շահ մեր ժողովրդի: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները