Նախագահ Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Երկրի նախագահը հանդիպել է կառույցի ղեկավար և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ
armen-sargsyan,-qatar-sheyxuhi

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Կատարի հիմնադրամ։

Կրթության, գիտության, համայնքային զարգացման ոլորտներում նշանակալի ծրագրեր իրականացնող հիմնադրամն ստեղծվել է 1995 թվականին՝ շեյխ Համադա բին Խալիֆա Ալ Թանիի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի կողմից։ Վերջինս նաև հիմնադրամի նախագահն է, ակտիվ ներգրավվածություն ունի երկրի կրթական ու սոցիալական զարգացման գործընթացներում և նշանակալի դեր է ունեցել այդ ոլորտներում իրականացվող մի շարք ազգային և միջազգային նախագծերում։

Հայաստանի նախագահին ներկայացվել են Կատարի հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու կառուցվածքը, իրականացվող ծրագրերը։ Տեղեկացվել է, որ Հիմնադրամը նպատակ է հռչակել աջակցելու երկրին՝ «մարդկային ներուժը բացահայտելու միջոցով վերածվելու գիտահեն տնտեսության»։ Այն ներառում է մի շարք հաստատություններ, այդ թվում՝ գիտատեխնոլոգիական պարկը, գրադարանը, Կրթական քաղաքը։ Կրթական քաղաքում տեղակայվել են միջազգային մի շարք հեղինակավոր՝ Ջորջթաունի, Կոռնելի և այլ հեղինակավոր համալսարանների, ինչպես նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնաճյուղերը՝ ստեղծելով ակադեմիական և գիտահետազոտական եզակի մոդել։ Հիմնադրամի հայտնի նախաձեռնություններից է 2009 թվականից անցկացվող Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթաժողովը, որը հանդես է գալիս որպես կրթական ոլորտում նորարարությունների և նոր մոտեցումների ներկայացման գլոբալ հարթակ։

Հիմնադրամում շրջայցից հետո նախագահ Սարգսյանը հանդիպել է կառույցի ղեկավար և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ։ Վերջինս նախագահ Սարգսյանին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող կրթական, գիտական ծրագրերը և շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահին՝ հիմնադրամի կողմից նախաձեռնված՝ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթաժողովի բացմանը մասնակցելու համար։

Համաձայնելով, որ գործակցության ներուժն ու հնարավորություններն հսկայական են` զրուցակիցները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխգործակցության ուղղությունները հստակեցնելու համար։

*

*