«Ոչ ոք չի կարող և չպետք է բացի Պանդորայի արկղը». Արմեն Սարգսյան

«Նախագահի գործը չէ գնահատականներ տալ անհատներին»
armen-sargsyan-naxagah2

Հայաստանում ստեղծված իրադրության լուծման ուղղությամբ տարվող երկխոսության ընթացքում պետական մեխանիզմը չպետք է քանդվի:

Այս մասին Բելառուսի համազգային հեռուստատեսությանը (ОНТ) տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Բժիշկը պետք է բուժի՝ անկախ նրանից գոհ է, թե ոչ, զինվորը պետք է ծառայի, ոստիկանը պետք է հետևի օրենքներին, դատավորը պետք է լինի իր դիրքերում, գիտնականը զբաղվի գիտությամբ, իսկ գործարարները՝ իրենց բիզնեսով: Ցանկացած քաղաքացի ունի սեփական կարծիքն արտահայտելու իրավունք: Սակայն պետականության կառուցվածքը, ողջ ապարատը, մեխանիզմը պետք է աշխատի համակարգված: Եվ այստեղ նախագահի խոսքը հստակ է»,- ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ թեպետ հայկական Սփյուռքը կենդանի օրգանիզմ է և կարող է իր կարծիքը հայտնել երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, սակայն խնդիրները երկրի ներսում են և այստեղ էլ պետք է կարգավորվեն:

Ստեղծված իրավիճակը կարող է լուծվել միայն սահմանադրական ճանապարհով:

«Այլ ուղի չի կարող լինել, քանի որ ոչ ոք չի կարող և չպետք է բացի Պանդորայի արկղը: Մենք բոլորս պետք է հարգենք Սահմանադրությունը: Իսկ այն ասում է, որ կա խորհրդարան, որտեղ պետք է ընտրվի վարչապետ: Ոչ թե փողոցում, ինչ-որ ժողովի ժամանակ: Բոլոր տարաձայնությունները պետք է որոշվեն խրհրդարանի շենքում` Սահմանադրության համաձայն: Ես` որպես երկրի նախագահ, կստորագրեմ տվյալ մարդուն վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր, եթե, իհարկե, ընտրությունների ժամանակ չխախտվի սահմանդրությունը»,-ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ունի ապագա ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ նախագահն ասել է. «Չեմ ցանկանում գնահատականներ տալ, քանի որ նախագահի գործը չէ գնահատականներ տալ անհատներին: Իմ գործառույթն այն է, որ բերեմ ամեն բան կոնսենսուսի: Մեզ մոտ սպեկտրը շատ լայն է, ես հանդիպում եմ, պայմանականորեն ասած, ծայրահեղ ձախերից մինչև ծայրահեղ աջերի հետ: Իմ գործառույթն է՝ խոսելով, քննարկելով, երկխոսություն ունենալով տարբեր քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ, փորձել այս սպեկտրը հանգեցնել փոխըմբռնման, երկխոսության, բոլոր հնարավոր հարցերի ու հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման»:

Նա հիշեցրել է, որ հանդիպել է Փաշինյանի հետ, որի ընթացքում կառուցողական երկխոսություն են ունեցել: Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները