Արմեն Սարգսյանը՝ ՀՀ 4-րդ նախագահի հավանական թեկնածու — Երկիր Մեդիա

Արմեն Սարգսյանը՝ ՀՀ 4-րդ նախագահի հավանական թեկնածու

Վաղը Բաղրամյան 26-ում, ամենայն հավանականությամբ, կհնչի հենց այս անունը
armen-sargsyan-despan

Վաղը բոլորի հայացքներն ուղղվելու են Բաղրամյան 26 հասցեին, որտեղից էլ պաշտոնապես հայտարարվելու է Հայաստանի հավանական նախագահի թեկնածուի անունը։ Սակայն Էդուարդ Շարմազանովի ակնարկը, թե բոլորն էլ ենթադրում են, թե ով է այդ մարդը, ենթադրել է տալիս, որ, ի վերջո, 4-րդ նախագահի հավանական ու գլխավոր թեկնածուն Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է։

Նա տեւական ժամանակ աշխատում է արտերկրում, ունի գործարար, հասարարական, տնտեսական սերտ կապեր ինչպես հայկական, այդպես էլ օտար շրջանակներում։ Հայտնի են նրա ջերմ հարաբերությունները բրիտանական թագավորական ընտանիքից սկսած մինչեւ նավթային խոշոր կորպորացիաների ղեկավարներ։ Տիրապետում է օտար լեզուների, երբեք չի եղել կուսակցական, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնը կարճ ժամանակ զբաղեցնելու ընթացքում իր քաղաքական ակտիվությամբ չի փայլել։

Նա ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին՝ Երեւանում: Ամուսնացած է, ունի 2 որդի, 3 թոռ: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-ից 1984 թվականներին ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը:

1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի 5-րդ վարչապետը, սակայն պաշտոնավարել է ընդամենը 4 ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողել իր պաշտոնը: Պաշտոնական պատճառաբանությունը՝ առողջական խնդիրներն էին։ Թեեւ այդ օրերին խշխանական վերնախավում անգամ կասկած չկար, որ պատճառը Վազգեն Սարգսյանի հետ ունեցած կոնֆլիկտն էր, որը սուր ընթացք էր ունեցել։

Արմեն Սարգսյանը մեկ անգամ էլ 1998-ից 2000 թվականներին է զբաղեցրել Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Ապա խոշոր մասնավոր ընկերություններում աշխատելուց հետո, արդեն 3-րդ անգամ վերադարձել է դեսպանի պաշտոնին՝ 2013 թվականին։

*

*