Արմեն Սարգսյանի առաջադրումը պատահական չէ. Ալեն Ղևոնդյան — Երկիր Մեդիա

Արմեն Սարգսյանի առաջադրումը պատահական չէ. Ալեն Ղևոնդյան

Հարցազրույց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ
Aj-qvearkutyun

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրուցել ենք Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի, դրանից բխող հնարավոր մարտահրավերների և այն մասին, թե ինչ կարող ենք սպասել ՀՀ 4-րդ նախագահից, ում լիազորությունները սահմանափակ են:

Խորհրդարանական կառավարման համակարգը շոշափելիորեն մեծ քայլ է դեպի առաջ: Խորհրդարանական կառավարման և կիսանախագահական կառավարման համակարգերը որակապես տարբեր են: Խորհրդարանականը շոշափելիորեն մեծ քայլ է դեպի առաջ, բայց պատերազմական իրավիճակում գտնվող երկրում այն որոշակի հարցադրումներ կարող է բերել՝ կապված օպերատիվ կառավարման խնդրի հետ: Նոր ճանապարհ ընտրելով՝ Հայաստանը մեծ իրավաքաղաքական փաթեթներ պետք է վերամշակի խորհրդարանական համակարգում լիազորություններ, պատասխանատվություններ բաշխելու առումով:

Վարչապետը՝ փաստացի պետության գլուխ, նախագահը՝ սիմվոլիկ դերակատար: Նոր կառավարման համակարգով վարչապետը հանդիսանում է գործադիրի ղեկավարը և փաստացի պետության գլուխը: Սակայն այստեղ մեկ հանգամանք կա կապված նախագահի ինստիտուտի հետ, որն առավելապես սիմվոլիկ-խորհրդանշական դերակատարում ունի և որոշակի քաղաքական-իրավական փաստաթղթերի, սահմանադրական փոքր գործառույթների կրողը: Նա միջազգային փաստաթղթերն օբյեկտիվորեն վավերացնող անձնավորություն է դառնում, ֆիգուր, ով քաղաքական կշիռ չի ունենում թերևս այն իմաստով, որ ինքը որևէ կուսակցության անդամ, ներակայացուցիչ չէ: Մյուս կողմից ռեալ քաղաքական տեսանկյունից հաշվի առնելով, ցանկացած մարդ, իհարկե,  չի կարող դառնալ երկրի  ղեկավար և խորհրդարանական կամ կոալիցիոն մեծամասնությունն է որոշում, թե ում հետ պետք է այդ ճանապարհն անցնի:

Նախագահի անձը Հայաստանի հեղինակության տեսանկյունից շատ կարևոր է: Նախագահը պատահական անձնավորություն չի կարող լինել: Նա պետությունն է ներկայացնելու ամենատարբեր դիվանագիտական հարթակներում, դեսպանների հետ հանդիպումներում, տարբեր արարողակարգային միջոցառումներում: Հեղինակություն ասելով հասկանում ենք ժողովրդավարական, ներդրումային, սոցիալական ապահովության ինդեքս, շուկայական հարաբերությունների միջավայր: Շատ կարևոր է՝ ով է երկրի ղեկավարը և ինչքանով է նա վստահելի:

Արմեն Սարգսյանի առաջադրումը պատահական չէ: Արմեն Սարգսյանը ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա հանրային լայն լսարանին այդքան էլ ծանոթ չէ, իսկ իրազեկ մարդկանց հայտնի է առավել դրական, ինտելեկտուալ, գործունյա կոնտեքստում: Հաշվի առնելով, որ վերջին ժամանակաշրջանում Արմեն Սարգսյանը դիվանագիտական գործունեությամբ է զբաղվել և  ունի ինտելեկտուալ լուրջ փորձառություն, հեղինակություն միջազգային տարբեր ֆինանսական և տնտեսական խմբերում,  ներդրումային և բիզնես ոլորտներում՝ կարելի է ասել, որ նրա գործնական գիտելիքները շատ օգտակար կարող են լինել հատկապես ոչ ֆորմալ և անձանական տիրույթում տարբեր ներդրող կազմակերպությունների և խմբերի հետ Հայաստանում ներդրումներ կատարելու տեսանկյունից հնարավորություններ ընձեռելու առումով: Մի կողմից լինելով դիվանագետ, մյուս  կողմից տնտեսագետ և գիտնական՝ կարող է իր կապերի շնորհիվ առավելագույն օգուտ բերել երկրին և տնտեսության բարեփոխումներին: Անձնական հարաբերությունների, անձնական երաշխիքների, անձնական վստահության գործակցի հիմքով կարող է ներդրումներ բերել երկիր, բարելավել  Հայաստանի ներդրումային միջավայրը, առավել նպաստավոր իրավիճակ ստեղծել հատկապես Արևմուտքում մեր գործարարների և արտաքին առևտրի  համար, որը շատ կարևոր է պետության կայացման և կապիտալի շրջապտույտի տեսանկյունից:

Փոփոխությունները մեկ-երկու տարում շոշափելի չեն դառնա: Մեկ-երկու տարին շատ փոքր ժամանակահատված է, որպեսզի քաղաքացին կենցաղային մակարդակում շոշափելի փոփոխություններ արձանագրի, որովհետև եթե մենք առաջնորդվում ենք ներկայիս կառավարության բառապաշարով, այսինքն գիտենք, որ Հայաստանը  տնտեսական ճգնաժամային իրավիճակում է, ապա ճգնաժամը մեկ-երկու տարում հաղթահարել հնարավոր չէ, սակայն կարող են փոփոխություններ նկատվել գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*