Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

ՌԴ արտգործնախարարը փոխանցել է նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին թե′ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և թե′ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը ևս ԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:

Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը և կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին»,-ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:

*

*