«Կարեն Կարապետյանի նման տաղանդավոր գործիչները, ցավոք սրտի, շատ չեն»․ Արմեն Սարգսյան

«Վստահ եմ, որ պարոն Արմեն Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ»․ վարչապետ
armen-sargsyan-karen-karapetyan2

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հրաժարականը ներկայացրած Կարեն Կարապետյանին բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար:

«Կարճ զրույցի ընթացքում ես պարոն Կարապետյանին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իր վերջին շրջանի գործունեության, բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար: Հույս հայտնեցի ու նաև վստահ եմ, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն այս կարճ ժամանակահատվածում շարունակելու է աշխատանքը որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, այլեւ՝ հետագայում ևս այս կամ այն ձևով  իր ներդրումն է բերելու և′ կառավարությունում, և′ Հայաստանի Հանրապետությունում, քանի որ տաղանդավոր մարդիկ, տաղանդավոր գործիչները, ինչպիսին Կարեն Կարապետյանն է, ցավոք սրտի, շատ չեն»,- ասաց Սարգսյանը:

Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին։

«Պարոն Արմեն Սարգսյանի հետ ունենք շատ ջերմ ու լավ հարաբերություններ: Մենք երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք միմյանց: Մենք բարեկամներ ենք և համախոհներ: Վստահ եմ, որ պարոն Արմեն Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ և իրականացվող բարեփոխումներին նոր թափ կտրվի»,- նշեց Կարապետյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին երդմնակալությունից հետո ստորագրել է առաջին հրամանագիրը՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

*

*