Արմեն Սարգսյանն այցելել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն

Մինչ այդ նա մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը
armen-sargsyan-vadan-srmaqesh1 (1)

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Վարդան Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մասնավորապես՝ նրա կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը։

Շվեյցարահայ գործարարն իր հերթին ասել է, որ ինքն ու որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը:

Ավելի վաղ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։

*

*