Արմեն Սարգսյանը կգլխավորի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խումբը

Հայաստանի նախագահը Ժնևում մասնակցել է խմբի քննարկմանը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons):

Արմեն Սարգսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի նախագահ։

Նշանավոր անձանց խմբի մասնակիցները, որոնք պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ ու փորձագետներ են, հրավիրվում են անձամբ UNCTAD-ի գլխավոր քարտուղարի կողմից։ Խմբի հանդիպումներն անցկացվում են փակ ձևաչափով՝ «Չաթըմ հաուզի» կանոններով։

Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ անցկացված «Հիմնական մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հիմնական քննարկումը վարել է UNCTAD-ի գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուին։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, որը նույնպես Նշանավոր անձանց խմբի անդամ է, մասնավորապես նշել է. «Հայաստանը որպես խմբի մաս տեսնելը շատ կարևոր է ինձ համար, քանի որ հիանալի հիշողություններ ունեմ Հայաստանից, որը միշտ կլինի իմ սրտում։ Կարծում եմ՝ Ձեր երկիրը կարևոր դերակատար է ՏՏ ոլորտում, օրինակ, ԹՈՒՄՈ կենտրոնը, որի կրթական համակարգն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ: Այն հատուկ ուշադրությունը, որ Հայաստանը դարձնում է կրթությանը, երիտասարդներին աջակցում է նոր տեխնոլոգիաների կիրառման հարցում, շատ նորարարական մոտեցում է, ինչը նշանակալի փաստ է»։

*

*