Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը

«Արմեն Սարգսյանը մշտապես հետեւում եւ իր ուշադրության կենտրոնում է պահում...»
armen-sargsyan-naxagah2

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների հարցադրումներին, որոնք վերաբերել են նախագահի գնահատականին՝ Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակին։

«…Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով:

Պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի եւ քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորիս համար:

Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի եւ ԱԺ նախագահի  հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետեւողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով եւ արձանագրելով հաջողությունները։ Սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա  մշակույթ»,-մասնավորապես նշված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

 

*

*