Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին — Երկիր Մեդիա

Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին

«ԱԺ-ում պետք է լինի հանգուցալուծումը, որպեսզի այդ լուծումն իրականանա Սահմանադրության շրջանակներում»
armen-sargsyan2 (1)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքացիներին կոչ է անում վերադառնալ բնականոն կյանքի: «Այս ընթացքում երբեք չպետք է մոռանանք, որ պետական կառույցը պետք է ամուր մնա: Հայաստանի նման երկիրը, որը շրջապատված է խնդիրներով, Արցախի հարցով, անցանկալի հետևանքներով, պատերազմական գործողություններով, իրեն չի կարող թույլ տալ անկայուն իրավիճակ: Մենք չենք կարող թույլ տալ, որ ոստիկանությունը չաշխատի, անվտանգությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ համալսարանը, որպես կառույց փլուզվի, որովհետև ուսանողը դրսում է»,-  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահը:

«Իմ կոչը շատ պարզ է, սիրելի հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն, բայց եկեք անենք այնպես, որ մեր ամբողջ պետական ապարատը՝ բանակից մինչև համալսարան և դպրոց, ի վերջո մեկ օր, հուսամ վաղը կամ մյուս օրը, վերադառնա իր նորմալ աշխատանքին: Վստահ եմ, որ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի մեր հասարակության գոնե մեծ մասին, որովհետև դա է իրականում ժողովրդավարության իմաստը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահը ներքաղաքական իրավիճակի հետ կապված հանդիպումներ է ունենում քաղաքական դաշտի լայն սպեկտրի հետ, ոչ միայն Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների, այլ նաև նրանից դուրս, շատ ավելի լայն շրջանակում: «Այդ սպեկտրը բավականին մեծ է, պայմանական եթե նկարագրեմ՝ ձախից մինչև աջ: Իհարկե, եթե մենք Սահմանադրության շրջանակում փորձում ենք գտնել լուծումներ, բնական ճանապարհը բարձրագույն մարմինն է՝ Ազգային ժողովը և, իհարկե, ԱԺ-ում պետք է լինի հանգուցալուծումը, որպեսզի այդ լուծումն իրականանա և իրականանա Սահմանադրության շրջանակներում, բնական ձևով»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նա նշել է, որ խոսքը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կամ Կարեն Կարապետյանի մասին է, այս կուսակցության, այն կուսակցության, այլ հանրության տարբեր շրջանակների, առանձին անհատների, որոնք հասարակության մեջ դեր ունեն և հասարակությունն ընկալում է այդպիսի անհատների կարծիքը: «Կարծում եմ՝ ճիշտ ընթացքով էլ հիմա ընթանում է, անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ կան՝ քննարկումն ի վերջո պետք է տեղափոխվի Ազգային ժողով, Ազգային ժողովում պետք է լինեն քննարկումներ, քվեարկություն և դրանից հետո պետք է լինի այն որոշումը, որ Ազգային ժողովն ընդունում է»,- ասել է Արմեն Սարգսյանը:

*

*