«Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է»․ ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Cybertech Europe 2019 միջազգային համաժողովում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։

Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհի առաջատար միջազգային հարթակներից մեկն է, որին մասնակցում են շուրջ 40 երկիր ներկայացնող 5000-ից ավելի պետական գործիչներ և գործարար շրջանակների ղեկավարներ, անվտանգության և պաշտպանության, առողջապահության, ապահովագրության և այլ ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև առաջատար ընկերություններ ողջ աշխարհից:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը, «Լեոնարդո» ընկերությանը և նրա ղեկավար Ալեսանդրո Պրոֆումոյին՝ հրավերի համար։ «Հայաստանը որպես կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով իր ելույթում նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է: Որովհետև բնական ռեսուրսներն այլևս այնքան կարևոր չեն լինելու, որքան նախկինում: Հնարավորություն է լինելու նորարարության, ադապտացվելու, գիտության, տեխնոլոգիայի համար: Մենք ժառանգել ենք և ունենք բարձր մակարդակի կրթական համակարգ, մասնավորապես, բնական գիտությունների՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում:

Ցանկացած հեղափոխություն սկսվում է երեխայից, կրթությունից: Իսկ Հայաստանում դուք կգտնեք յուրօրինակ դասապատրաստման դպրոցներ, որոնք մենք այժմ արտահանում ենք Փարիզ, Բեռլին, Մոսկվա: Այդ դպրոցը կոչվում է ԹՈՒՄՈ: Բացի այդ, ունենք այլ դպրոցներ, որոնք կոչվում են «Այբ», «Քվանտ» և այլն, դրանցից յուրաքանչյուրը տրամադրում է երեխաների կրթելու յուրատեսակ, նորարարական տարբերակ: Սա է ապագայի հիմքը:

Որպես Հանրապետության նախագահ՝ ունեմ իմ սեփական նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM (Advanced Tomorrow): Պատկերացրեք մի վայր, որտեղ երեխաները կարող են գալ և խաղալ, դրա շնորհիվ բացահայտել բնության օրենքները և ինժեներական որակներ ձեռք բերել: Վայր, որտեղ երիտասարդները կարող են այցելել «Վաղվա թանգարան»: Այս ամենը վերաբերելու է գիտությանն ու տեխնոլոգիաներին, սակայն ոչ պատմությանը, այլ ապագային: Վայր, որտեղ հնարավոր կլինի տեսնել խոշոր ընկերությունների, որոնք զբաղվում են արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, տեղեկատվության կառավարման, կիբերանվտանգության հետազոտություններով: Հարթակ, որտեղ հայկական, ամերիկյան, ռուսական, ֆրանսիական և այլ համալսարանները կհամագործակցեն ու հետազոտություններ կիրականացնեն: ATOM-ը նախագահական նախաձեռնություն է, որը ճանապարհին է: Ես բոլորիդ հրավիրում եմ Հայաստան՝ լինելու այդ նախագծի մասը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*