Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սարգսյանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին։
armen-sargsyan-chaponia-1

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Ճապոնիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահ Սարգսյանը նախ հետաքրքրվել է, թե ինչով են նրանք զբաղվում, ապա համառոտակի տեղեկացրել այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Նա նշել է, որ իրական հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, և շատ կոնկրետ զրույցներ է ունեցել, թե ինչ կարող ենք անել միասին։ Նախագահի խոսքով՝ համագործակցության ուղղությունները շատ հստակ են՝ նորագույն տեխնոլոգիաներ, արտակարգ իրավիճակներ, առևտրական գործարքներ, սննդի արտահանում և անվտանգություն։ «Նաև իրենցից սովորելու շատ բան ունենք պետական ծառայության ոլորտում, որովհետև այն կարգապահությունն ու նվիրվածությունը, որ այս մարդիկ ունեն, իսկապես, հիացմունք է առաջացնում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Այնուհետև նախագահ Սարգսյանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին։

Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը եղել է նաև Ճապոնիայի հնագույն քաղաքներից մեկում՝ Կամակուրայում, դիտել Ամիդա Մեծ Բուդդայի հսկայական բրոնզե արձանը, այցելել Hokoku-ji տաճար, որը հայտնի է իր բամբուկե անտառով, մասնակցել ճապոնական ավանդական թեյախմության արարողությանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը և Նունե Սարգսյանն այցելել են նաև ճապոնական հայտնի սրբավայրերից մեկը՝ «Ցուրուգաոկա Հաչիմանգու» սինտոյական տաճար, որը հիմնադրվել է տասնմեկերորդ դարում։

Տաճարում հնչեցվել է Հայաստանի ու Ճապոնիայի բարեկամությանը նվիրված աղոթք։

 

*

*