Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չունին

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ուղղություններով խորացնելու շուրջ
armen-sargsyan,-amn-nerkayacucichner

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չունին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը բարձր է գնահատել նրանց գործունեությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ շնորհակալություն հայտնելով ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործադրած ջանքերի համար:

ԱՄՆ կոնգրեսականները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Հայաստան իրենց այցի նպատակների և ունեցած հանդիպումների մասին՝ նշելով, որ այցի շրջանակում եղել են նաև Արցախում: Նրանք նախագահ Սարգսյանին փոխանցել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, Արցախում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև շարունակական ֆինանսական օժանդակության ցուցաբերմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ուղղություններով խորացնելու շուրջ: Նախագահ Սարգսյանը հյուրերին ծանոթացրել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM ծրագրին: Անդրադարձ է եղել նաև մշակութային ոլորտում փոխգործակցության զարգացմանը:

*

*