«Ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն, որը մեր բոլորի խնդիրն է»․ Արմեն Սարգսյան

«Հայաստանը կամաց-կամաց վերածվում է մի մեծ մայրաքաղաք-երկրի»
Armen-Sargsyan (2)

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստանի անկախության 26 տարիները հայ ժողովրդի համար համարում է դժվարությունների, սակայն միևնույն ժամանակ մեծ հաղթանակի տարիներ: ԱԺ-ում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում Արմեն Սարգսյան ընդգծեց, որ Արցախյան ազատամարտում տարած հաղթանակն ամրապնդեց հայ ժողովրդի արժանապատվությունը:

«Դրա արդյունքում մենք դարձանք ազգ, որը վստահ է, որ իր մարդկային ռեսուրսներով, իր ժառանգությամբ, իր հնարավորություններով կարող է պաշտպանել իր իրավունքները: Մենք ունեցել ենք այլ հաղթանակներ ևս, սակայն արցախյան հաղթանակը յուրօրինակ է և մեզ յուրաքանչյուրիս դարձնում է հաղթող ժողովրդի զավակ, որի համար պետք է հպարտ լինենք»,-  նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանն անկախության առաջին տարիներին տնտեսապես ավելի թույլ էր, սակայն, միգուցե, ավելի արդար, և հասարակությունն այդքան բևեռացված չէր հարուստի և աղքատի:  «Այսօր մեր պետությունն ավելի հզոր է,  հարուստ, սակայն հասարակությունը բևեռացված է, ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն, որը մեր բոլորի խնդիրն է»,- ասաց ՀՀ նախագահի թեկնածուն:

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ հաջորդ 26 տարիները հայ ժողովուրդը պետք է շարունակի կառուցել՝ հիշելով և չմոռանալով այն հաջողությունների բանալին, որ ինքն է բացահայտել և չմոռանալով դասեր քաղել թույլ տված սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն:

Անդրադառնալով արտագաղթին, ՀՀ նախագահի թեկնածուն նշեց, որ Հայաստանը կամաց-կամաց վերածվում է մի մեծ մայրաքաղաք-երկրի: «Հայաստանը սկսում է սեղմվել դեպի Երևան, իսկ Երևանն էլ` դեպի Երևանի կենտրոն: Սա մեծ խնդիր է, որին պետք է ուշադրություն սևեռել և գտնել որևէ լուծում` լինի հարկային, վարկային ծրագրերի միջոցով, թե` քաջալերում: Պետք է մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերին, որոնք կարոտ են այդ ուշադրությանը: Իհարկե, այստեղ Սփյուռքը մեծ դեր ունի, մեծ դեր ունենք նաև մենք»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ իր համար տարօրինակ է, որ մենք մեր ազգային արժեքների գնահատման ճանապարհին շատ պարզ քայլեր չենք կատարում: Նա օրինակ բերեց, թե քանի հարյուրհազարավոր զբոսաշրջիկներ ունենք, որ մեկնում են Վրաստան, իսկ Արցախ, Գյումրի գնացողների թիվն ավելի քիչ է: «Արցախը փայլուն, գեղեցիկ աշխարհ է: Չգիտես` ինչու, մենք չենք այցելում այդ գեղեցիկ աշխարհը, չենք այցելում Գյումրի, հեռավոր գյուղեր»,- ասաց Սարգսյանը:

*

*