Արմեն Սարգսյանը ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահին

Հանդիպմանը ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
armen-sargsyan-garegin-b-yuahim-gauk

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկին։ Հանդիպմանը ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջունելով Յոախիմ Գաուկին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես շնորհակալություն է հայտնել նրան մարդասիրական գործունեության համար՝ բարձր գնահատելով նրա մեծ ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Նշելով, որ Հայաստանը և Գերմանիան բարեկամության և համագործակցության երկարամյա պատմություն ունեն՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Գերմանիան և գերմանական ընկերությունները պետք է դիտարկեն Հայաստանը որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն: Նա ընդգծել է համագործակցության լայն հնարավորությունները մասնավորապես մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում: «Ես կուզենայի, որ գերմանական միջազգային խոշոր ընկերությունները համագործակցեին Հայաստանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկայի ոլորտներում»,- ասել է նախագահը:

Գերմանիայի նախկին նախագահն իր հերթին նշել է. «Ինձ համար շատ ուրախալի է այն փաստը, որ տարածաշրջանում հանձին Ձեզ հանդիպում եմ այնպիսի նախագահի, ով սերում է գիտական շրջանակից: Պատիվ ունեմ այսօր ներկա գտնվելու այստեղ: Լսել եմ, որ Հայաստանում համակ ուշադրությամբ հետևել են Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ ելույթին, և ես շնորհակալ եմ, որ արդեն ոչ թե հեռավորության վրա, այլ մոտիկից կարող եմ ծանոթանալ ձեր երկրին, նրա ժողովրդին և մշակույթին»:

Հանդիպմանը ջերմ ու անկեղծ մթնոլորտում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման հեռանկարների, հայ-գերմանական հարաբերությունների, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

*

*