«Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր․․․»․ Արմեն Ռուստամյան

Ռուստամյանն ասաց, որ իր տպավորությամբ դա քարոզչական հնարք էր․․․

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուժեր կան, որոնք ձեւացնում են, թե հեղափոխության առաջամարտիկներ են, բայց խորհրդարանում, ռեստորաններում, «քուչեքում» բանակցությունների մեջ են ՀՀԿ-ի հետ, որ դուք մեզ աջակցեք քաղաքապետի ընտրություններում ձեր ընտրակեղծարար մեխանիզմներով, մենք ձեզ աջակցենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չլինեն: Այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեց՝ ըստ ձեզ ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը եւ արդյոք դուք նման բանակցությունների մեջ եք ՀՀԿ-ականների հետ: Նա պատասխանեց. «Նախ, պետք է դուրս գանք ի վերջո այս խորհրդավորության դաշտից, կասկածանքի մթնոլորտից: Եթե բան կա ասելու՝ ասեք կոնկրետ անուններով, այլ ոչ թե ես պիտի մեկնաբանեմ պարոն Փաշինյանի ասածը կամ իր մտքերը»:

Ռուստամյանն ասաց, որ իր տպավորությամբ դա քարոզչական հնարք էր, որ հասարակության ուշադրությունը շեղվի ՔՊ-ի թեկնածուի անհաջող մեկնարկից:

Ըստ Ռուստամյանի, այն հայտարարությունները, որ արեց Հայկ Մարությանը՝ սեւ ու սպիտակի բաժանումը, մեր դեմ խաղ չկա եւ այլն, քննադատվեց ու Փաշինյանն ուզում էր ինչ-որ բեկում մտցնել այդ անհաջող մեկնարկից. «Ի վերջո, խնդիրը նրա մասին է, որ ոչ թե մենք քաղաքապետ ենք ընտրում, ավագանի ենք ընտրում, այլ այս քվեարկությունը ավելի շատ խորհրդարանի լուծարման քվեարկություն է: Մենք հարցն այդ դաշտ չէինք տեղափոխի»:

Լրագրողի հարցին՝ ռեստորաններում, քուչեքում, ինչպես պարոն Փաշինյանն է ասում, հանդիպումներ ՀՀԿ-ականների հետ ունենո՞ւմ եք՝ Ռուստամյանը պատասխանեց. «Նախ պետք է հասկանալ, թե որտեղից պարոն վարչապետին այդ տեղեկատվությունը, տեսել են, խոսակցություն են արձանագրել, ձայնագրել են՝ թող հրապարակեն, մենք էլ իմանանք: Եթե տեսաձայնագրվել է խոսակցությունը, դա էլ հարց է…դա տեղափոխում է այլ հարց: Թող հրապարակեն ու ասեն, մենք որեւէ ձեւով դրա հետ կապված չենք: Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր է, կասկածանքով կարելի է պաշտպանվել, բայց չի կարելի հարձակվել»:

Հարցին՝ դուք բացառո՞ւմ եք, որ վարչապետը ՀՅԴ-ին նկատի ունի՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց՝ միանշանակ, տրամաբանություն դրա մեջ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

*

*