Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկիրը ոչ թե ծրագրերով է զարգանում, այլ մեկ մարդու քմահաճույքով. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Բյուրոյի նախագահը համեմատական է անցկացրել ներկա և Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունների միջև

Արցախն արդեն ասել է, թե ինչպես պետք է հարցը լուծել և հարկավոր չէ նոր բաներ մոգոնել, այս մասին այսօր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի կազմակերպած համաժողովում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Ղարաբաղի ժողովուրդն իր Սահմանադրության 175-րդ հոդվածում հստակ սահմանել է, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղյան հարցի կարգավորումը. ստատուս քվոն պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել Արցախի Հանրապետությունը և չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունն ու չեն ճշտվել սահմանները: Արտաքին քաղաքականությունը պետք է սրան հետևի: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկիրը ոչ թե ծրագրերով է զարգանում, այլ մեկ մարդու քմահաճույքով: Սա երկար չի կարող տևել: Ահազանգը պետք է հնչեցվի: Սա հո իրենց հոր բոստանը չէ, այլ բոլոր սերունդների նվաճած հայրենիքը: Մրից ելանք, մրջուրն ընկանք. այն ժամանակ ասում էին՝ «պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի», իսկ հիմա՝ ով քանի կիլոմետր քայլել է, ըստ այդմ պետք է պաշտոն ստանա»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ երբ որևէ մեկը փորձում է իշխանություններին ասել, որ լուրջ պրոբլեմներ կան, բովանդակությունը թողած՝ ասողին են սկսում քննադատել, ասել՝ սև ես, հակահեղափոխական ես:

Նա համեմատական անցկացրեց ներկա և Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունների միջև։ Որպես ամենամեծ ձեռքբերում համարելով 2018 թ. շարժումը՝ Ռուստամյանը նշեց, որ ժողովուրդը հասկացավ՝ ոտքի կանգնելով կարող է իշխանություն փոխել և իր կամքը պարտադրել, և դա չի կարելի կորցնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

*

*