Արմեն Ռուստամյան. «ԿԸՀ-ն ունի լրջագույն առաքելություն՝ վերականգնել հավատը ընտրությունների հանդեպ»

ԿԸՀ անդամների և նախագահի ընտրության հարցի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը ԱԺ ամբիոնից ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
armen-rustamyan

yerkir.am— ԿԸՀ անդամների և նախագահի ընտրության հարցի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը ԱԺ ամբիոնից ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Առաջին անգամ է մեր պատմության մեջ, որ ԿԸՀ-ն ձևավորում ենք նոր կազմով՝ ԱԺ-ի միջոցով, և այս կարգը, արդեն կյանքի կոչվելով ու կամաց-կամաց թափ հավաքելով, վստահ եմ, որ մեզ բերելու է այն արդյունքին, որին մենք ձգտում էինք, երբ սահմանադրական փոփոխություններ էինք կատարում, Ընտրական օրենսգիրքն էինք մշակում: Ես համաձայն չեմ այն մտքին, թե ԿԸՀ-ն այդքան կարևոր առաքելություն չունի, մեծ գործ չունի, պետք է տեղերից հավաքի տվյալները և ամփոփի: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ Սահմանադրության առաջին հոդվածը, որը վերաբերում է ԿԸՀ-ին, շատ հստակ սահմանում է՝ ինչ գործառույթներ պետք է ունենան ԿԸՀ-ն:

«Պետք է լինի անկախ և կազմակերպի ընտրությունների օրինականությունը: Հիմա ամբողջ հարցն այն է՝ մենք տվե՞լ ենք բավարար գործիքներ՝ այդ ամենն իրականացնելու համար: Իսկապես, մենք սահմանադրորեն պետք է օժտենք այդ համակարգն անհրաժեշտ բոլոր այն մեխանիզմներով, որ նա կարողանա լիարժեքորեն կազմակերպել ու իրականացնել գործառույթները»,- ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ունի շատ մեծ առաքելություն` պետք է կարողանա վերականգնել սասանված հավատը մեր ընտրությունների նկատմամբ, պետք է կարողանա ձևավորել ժողովրդավարական ընտրությունների ավանդույթ:

«Այսօր այս հանձնաժողովին մենք կողմ ենք քվեարկել, և մեր անդամը պետաիրավական հանձնաժողովում առաջադրել է նրանց թեկնածությունը` պարզ տրամաբանությունից ելնելով: Ասենք` մենք նրանց անդամների պրոֆեսիոնալությանը չենք կասկածում, ճանապարհ են անցել, դառը փորձառություն ունեն, քննադատությունների թիրախ են հանդիսացել, նաև երբեմն արդարացի, բայց այն պրոցեսը, որը մենք սկսել են բարեփոխել մեր ընտրական համակարգը, այդ պորցեսին ամենաքաջատեղյակն ու գիտակը հենց այս յոթ հոգին են և հենց այդ հավատով է, որ մենք իրենց ենք վստահում:

Շատ քիչ ժամանակ է մնացել, եկող տարվա գարնանը մենք ունենալու ենք համապետական ընտրություններ, որով որոշվելու է մեր երկրի ապագան»,- նշեց ՀՅԴ-ականը՝ հավելելով, որ ԿԸՀ անդամները շատ լավ գիտեն, որ եկեղ ԱԺ-ն ունի հնարավորություն, և եթե իրենք նախատեսված խնդիրները չլուծեն, երեք հինգերորդով հետ կանչելու հնարավորությունը կօգտագործվի:

«Քաղաքական ուժերն են կազմակերպում ու իրականացնում ընտրությունները և քաղաքական ուժերն ունեն լուրջ վերահսկողություն և եթե մենք՝ քաղաքական ուժերս եկող ընտրություններին իսկապես մասնագետ ու կարող մարդկանցով ապահովենք բոլոր ընտրատեղամասերը, վստահ եմ, որ ԿԸՀ-ին ոչինչ չի մնում անել, որ իր սրբազան լիազորությունները իրականացնի անխափան կերպով»,- ասաց Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ հինգ քաղաքական ուժ ստորագրել են փոփոխությունների և կեղծիքների դեմն առնելու մեխանիզմների հետ կապված փաստաթուղթ:

ՀՅԴ-ականը նաև նշեց, որ ԿԸՀ-ն լուրջ առաքելություն ունի նաև այն իմաստով, որ եթե հանրապետության մի շարք ընտրատեղամասերում եղել են ընտրություններ և մի քանի ընտրատեղամասում լուրջ խախտումներ են եղել, պետք է այնպես արվի, որ հստակ թիվ որոշվի, թե քանի ընտրախախտման դեպքում կարելի է ընտրություններն անվավեր ճանաչել:

«Այս մարմինն ունի իսկապես լրջագույն առաքելություն՝ Հայաստանում վերականգնել հավատը ընտրությունների հանդեպ, մենք ձեզ ավանսով էդ վստահությունը տալիս ենք , դրա համար կողմ ենք եղել ձեզ այս կազմի պահպանմանը»,- եզրափակեց Ռուստամյանը:

*

*