Արմեն Ռուստամյան. «Ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկզիբն է ազդարարելու»

ՀՅԴ նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքին ելույթ ունեցավ Արմեն Ռուստամյանը:

Ազատության հրապարակում, որտեղ անցկացվում է ՀՅԴ նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքը, ելույթ ունեցավ  ՀՅԴ թեկնածուների համապետական ցանկը գլխավորող, ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ  Արմեն Ռուստամյանը:

«Դաշնակցությունը, լինելով հստակ գաղափարների տեր քաղաքական ուժ, իր ընտրողներին չի համարում սոսկ իր ընտրազանգվածը, այլ` իր համակիրները, որովհետև մենք ինչ արել ենք, իրար համոզելով ենք արել, իրար հետ համաձայնեցրած ենք արել: Մեր ցանկացած ընտրապայքար նախևառաջ հաշվետվություն է մեր ընտրողների` համակիների առաջ: Ուստի մեր գործը պարզ է` համոզել ձեզ, միասին համոզել մյուսներին, և ընդլայնել մեր համակիրների շրջանակը:

Մենք այսօր հասել ենք մեր ընտրապայքարի եզրագծին ոչ թե խոստումներ շռայլածի կարկամությամբ, այլ խոստումները կատարածի և սկսածը շարունակողի վճռականությամբ: Մենք համոզված ենք, որ ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկզիբն է ազդարարելու: Երկար տարիներ ի վեր Դաշնակցությունը, լինի իշխանության մեջ, թե ոչ, համառ ու անզիջում պայքար է մղել, որ պատմական այս շրջադարձը կատարելու հնարավորություն ընձեռնվի մեր ժողովրդին, վերացվեն մեր առաջընթացը խոչընդոտող արգելքները, և ստեղծվեն երկրի զարգացումը խթանող անհրաժեշտ պայմաններ :

Մեր մասնակցությամբ կատարված փոփոխությունների որակն ու ծավալը  այնքան է, որ առանց չափազանցության, կարելի է դրանք անվանել պատմական ու հեղափոխական: Դրանք մեր երկրի թռիչքաձև զարդացման համար ստեղծել են հիմնական գլխավոր նախադրյալները: Այլևս վերջ է դրված երկրում անարդարություն սերմանող մենիշխանությանը, արմատախիլ է արված ընտրություններն իմաստազրկող իշխանությունների վերարտադրման համակարգը: Ի լրումն այս ամենի, վերականգնվել է մարդկանց հիմնարար ընտրական իրավունքը, իսկ ընտրությունները դարձել են իշխանությունը ժողովրդին փոխանցելու իրական միջոց: Բացառվել է որևէ անձի կողմից իշխանության յուրացումն ու անպատիժ չարաշահումը, իսկ ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը հնարավորություն է տրվել իշխանություններին զսպելու ու վերահսկելու կոնկրետ մեխանիզմների միջոցով:

Սիրելի հայրենակիցներ, մենք պարտավոր են ու կարող ենք զարգանալ, առանց զիջելու մեր ազգային ռազմավարական շահերը: Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ առանց  «հանուն խաղաղության Ադրբեջանին գոհացնող զիջումների գնալու» մենք ապագա չունենք, ոչ միայն արհամարհում են մեր ժողովրդին, այլև արդարացնելով կուտակված խնդիրների գոյությունը, բացառում են դրանց լուծումը, անվերջ գուժելով Հայաստանի ու Արցախի կործանման մասին:

Դաշնակցությունը վստահ է, որ հենց այսպիսի ապազգային գաղափարախոսությունը, ապաշնորհ ու միահեծան կառավարումն են ջլատել մեր ուժերը ու բերել ձախողումների: Հասել է ժամանակը սրբագրելու ու վերացնելու երրորդ հանրապետության տարածքում կատարված սխալներն ու դրանց ծանր հետևանքները:

Դաշնակցության հռչակած նոր սկիզբը փոխելու է որոշումների կայացման անդրկուլիսյան ձևաչափերը, ապահովելու է երկրում միջազգային առաջադեմ փորձի վրա հիմնված արդար ղեկավարում: Նոր սկիզբ, որն ազդարարելու է նոր և արդար չորրորդ հանրապետության ժամանակաշրջանի արշալույսը Հայաստանում: Նոր սկիզբ, որը Դաշնակցության անմիջական մասնակցությամբ նոր շունչ է բերելու Հայաստան:

Հայ մարդն ապրելու է ազատ ու ապահով, Հայաստանը լինելու է հզոր, արդար ու զարգացող, հայությունը լինելու է հայաստանակենտրոն ու համերաշխ:Ապրիլի 2-ին այս նույն անպարտելի ոգով ընտրենք չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանը: Կեցցե այն Հայաստանը, որ այս նոր սկզբունքով, նոր շնչով ու նոր երանգով է գալու»:

*

*