Արմեն Ռուստամյան. «Այս ընտրությունների ամենաստվերոտ մասը կլինի ընտրակաշառքի հանգամանքը»

Քաղաքացիական պարտքը կատարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
rustamyan-qvearkel

3/23 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Քվեարկությունից հետո լրագրողները Ռուստամյանից հետաքրքրվեցին` հանուն ինչի է քվեարկել նա և ի՞նչ փոփոխություններ կբերի այս նոր համակարգը:

«Մենք համոզված ենք, որ սա 4-րդ հանրապետության հիմնադիր խորհրդարանն է և ուզում ենք, որ այդ 4-րդ հանրապետությունը ճշմարիտ սկզբնավորում ունենա: Դրա համար եմ քվեարկել` վստահ լինելով, որ մենք, իսկապես, թևակոխում  ենք մի նոր ժամանակաշրջան, և այս ընտրությունը լինելու է որոշիչ, վճռական: Մեր հետագա քայլերը, ինչպես կարող ենք կատարել և ինչ խորությամբ ու արագությամբ, կախված է այն խորհրդարանի որակից, որն այսօր կընտրվի»,- ասաց նա` հավելով. ուզում են ավելի լուրջ ներկայություն ունենալ խորհրդարանում, որ այս գործընթացը, որն  իրենք են սկսել, մինչև վերջ կարողանան տեղ հասցնել:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, այն որ օնլայն հեռարձակումներ չկան ընտրատեղամասերից, Ռուստամյանն ասաց, որ իրենք այդ ամեն ինչը կստուգեն և նոր եզրակացություններ կանեն:

Խոսելով կիրառվող նոր տեխնոլոգիաների մասին` Ռուստամյանն ասաց, որ տեսնում է` ժողովուրդը յուրացնում է նոր տեխնոլոգիաները:

«Շատ հաճելի է տեսնել, շատերն ասում էին, որ սա խնդիրներ կառաջացնի, բայց հակառակը՝ շատ սահուն է ընթանում ամեն ինչ»,- ասաց նա:

Yerkir.am-ի դիտարկմանը` 2013 թվականի ապրիլի երկուսին սպանվեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը, իսկ անցած տարի այս օրը ապրիլյան քառօրյան էր, այսօր խորհրդարանական ընտրություններ են, Ռուստամյանն արձագանքեց.

«Ես մի քիչ առաջ հոգեհանգստից եմ գալիս.  ոչ միայն Պռոշյանի մեր ընկերոջ` Հրաչ Մուրադյանի հոգեհանգիստն էր, այլ նաև ապրիլի 2-ին քառօրյա պատերազմին ընկած բոլոր զինվորների: Բոլորին անուն առ անուն հիշեցինք: Նրանք հերոսներ են. ես վստահ եմ, որ նրանք նոր Հայաստանի, այսօրվա Հայաստանի հիմքերը դրեցին, ապահովեցին, որ մենք կարողանանք այսօր ազատ ընտրություններ անցկացնել. դա նաև իրենց շնորհքն էր և իրենց վաստակը, և սա պետք է գլխավորը լինի: Նրանց անունները կգրվի մեր պատմության մեջ»:

Հարցին` ընտրակաշառքի մասին ահազանգեր, տեղեկություններ ստացե՞լ են այսօր, նա պատասխանեց.

«Ընտրկաշառքի մասին ստացել ենք մինչև այսօր, չեմ բացառում, որ այսօրվա մեջ էլ լինի, որովհետև դրան պատրաստվել են շատ շատերը: Այս ընտրությունների ամենաստվերոտ մասը կլինի ընտրակաշառքի հանգամանքը»:

 

 

*

*