Հիմնական մտահոգությունն այն է` ո՞վ է ներսից պաշտպանելու Ղարաբաղի հարցը. Արմեն Ռուստամյան

«Չի բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված նոր առաջարկներ դրվեն սեղանին...»
armen-rustamyan

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված նոր առաջարկներ դրվեն սեղանին:

«Չեմ բացառում, որ արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ ունենանք, որի առաջին արձագանքը և նշանը տվեց պարոն Բոլթոնը, երբ ասաց, որ Արցախյան հարցը պետք է լուծվի այն ժամանակ, երբ իշխանություններն ունեն ամենամեծ վստահությունը: Այս վստահությունը պետք է նպաստի նրան, որ գնանք կոմպրոմիսների և լուծենք Ղարաբաղյան հարցը: Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված նոր առաջարկներ դրվեն սեղանին: 90-ական թվականներն են աչքիս առաջ գալիս. այն ժամանակ էլ  ունեցանք 83 տոկոսով ընտրված նախագահ, որից հետո առաջին քայլերը, որ կատարվեցին, շեղումն էր այն տրամաբանությունից, որով նրանք եկել էին իշխանության. եկել էին միացման տրամաբանությամբ, բայց հետո բերվեց մի առաջարկ, որը չընդունվեց իրենց իսկ թիմի կողմից: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ թիմը ձևավորվել էր Ղարաբաղի հարցի վրա, այս թիմը չի ձևավորվել Ղարաբաղի հարցի վրա»,- խորհրդարանում լրագրողներին ասաց պատգամավորը և հավելեց` հիմնական մտահոգությունը դա է` ո՞վ է ներսից պաշտպանելու Ղարաբաղի հարցը:

Ըստ Ռուստամյանի` Բոլթոնի հայտարարությունում կա տրամաբանություն, որ, այո, այս հարցը պետք է լուծի այն իշխանությունը, որի ասածը ժողովուրդը հալած յուղի պես ընդունում է:

«Այս վիճակը կարող են օգտագործել արտաքին ուժերը, որովհետև նրանց համար կարևոր չէ` այսօր մեր ժողովուրդն աղքա՞տ է ապրում, սովա՞ծ է: Նրանց խնդիրներն աշխարհաքաղաքական են, և այդ աշխարհաքաղաքական խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ: Ամենակարևոր լուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանություններն ունենում են այդ լեգիտմությունը, որ այսօրվա գործող ստատուս քվոն փոխեն: Սրանք առաջիկա մարտահրավերներ են»,- եզրափակեց նա:

*

*