Կառավարությունը երկու կարեւոր բացթողում է արել. Արմեն Աշոտյան

Նրա կարծիքով, հաջողության պատմությունը շարունակելու համար հստակ աշխատանք է պետք տանել մի քանի ուղղություններով
ashotyan

«Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գնահատականներն ավելի լայն շրջանակ պետք է ընդգրկեն, քան պարզապես Նիկոլ Փաշինյան-Պյոտր Սվիտալսկի փոխհրաձգությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա կարծիքով՝ կառավարությունը երկու կարեւոր բացթողում է արել այս ընթացքում: Նախ, չի ընդունել իր առաջարկը եւ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայանգիրը չի ներառել նոր կառավարության ծրագրում՝ զրկվելով Եվրամիությանը հստակ եւ ուժեղ ազդակ ուղարկելու հնարավորությունից, իսկ հետո՝ Բրյուսել կատարած այցը չի կապիտալիզացրել վիզաների ազատականացման երկխոսությունը հստակ ժամկետում սկսելու խոստումով, ինչը, ըստ Աշոտյանի, գումար չէր պահանջում եւ ամբողջությամբ հնարավոր էր քաղաքական որոշման շրջանակում՝ հաշվի առնելով իշխանափոխությունից հետո որոշակի հետաքրքրությունը Հայաստանի նոր ղեկավարության հանդեպ:

Նրա կարծիքով, հաջողության պատմությունը շարունակելու համար հստակ աշխատանք է պետք տանել մի քանի ուղղություններով: Օրինակ, Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներքին լսարանի համար հռչակելով ժողովրդավարական, դրսի լսարանին պետք է ցույց տալ հստակ աշխատանք: «Նույն հակակոռուպցիոն պայքարը, որ դարձել է ներքաղաքական դրոշակ, շատ հեռու է ինստիտուցիոնալ լինելուց, խորքային չէ իր մեխանզիմների մեջ, սելեկտիվ է, կանխարգելիչ չէ, եւ եվրոպացիների աչքերում երկարաժամկետ էֆեկտ ունենալ չի կարող»,-գրել է Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով նաեւ, որ այս ժամանակահատվածում Բրյուսելում ակտիվորեն քննարկվում է 2021-2028 թվականների Բյուջետային պլանավորման եւ ֆինանսական նոր գործիքների ներմուծման նախագիծը: «Հայաստանի պատշաճ տեղն այդ շրջանակում պետք է սկսել ապահովել արդեն այսօրվանից»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները