Արման Բաբաջանյանը մանդատը վայր չի դնի

«Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանը կարիք ունի միանգամայն նոր քաղաքական համակարգի»

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելուց հետո պատրաստվում է իր գործունեությունը ծավալել որպես անկախ պատգամավոր: Այս մասին սեպտեմբերի 10-ին խորհրդարանում տեղի ունեցած նիստի ընթացքում ասաց Բաբաջանյանը:

«Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանը կարիք ունի միանգամայն նոր քաղաքական համակարգի, մտքի ու նոր քաղաքականության: Ցավոք, ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսնում հատկապես խորհրդարանական ուժերում: Մենք ունենք խորհրդարան, որը համարժեք չէ պետության ու հասարակության առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին: Ես հետայսու արդեն անկախ պատգամավորի կարգավիճակով անելու եմ առավելագույնը՝ անհրաժեշտ ուժերին ու անհատներին համախմբելու, ու նրանց ներուժը Հայաստանի պետականությանն ու հայ ժողովրդին ծառայեցնելու համար»,- ասաց Բաբաջանյանը:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ ցանկանում է լքել խմբակցությունը, սակայն պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշում դեռ չի կայացրել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ պատգամավորից մանդատի վերադարձ է ակնկալում:

*

*