Արմեն Ամիրյանը՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին. «Դեռ ժամանակ ունեմ, որոշում պիտի կայացնեմ»

Հայաստանի մշակույթի նախարարը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում չի ներկայացրել:
armen-amiryan

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում չի ներկայացրել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ դեռ որոշում չի կայացրել՝ անդամակցելո՞ւ է ՀՀԿ-ին, թե՞ ոչ:

«Ես կարծում եմ, որ երկրի կառավարման նոր մոդելը ենթադրում է, որ ցանկացած նոր նախարար պետք է պատասխանատվություն կրի նաև կուսակցական առումով։ Որևէ նախարար կուսակցության անդամ է դառնում սեփական կամքով, նրան ոչ թե առաջարկում են, ճնշում են կամ պարտադրում են, այլ մարդը դառնում է սեփական կամքով»,- ասաց Ամիրյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ կուսակցական դառնա  մինչև  2017թ. խորհրդարանական ընտրությունները, նախարարը պատասխանեց. «Դրա մասին եմ ասում՝ դեռ ժամանակ ունեմ, որոշում պիտի կայացնեմ»։

Մշակույթի նախարարը չբացառեց, որ ՀՀԿ-ն ունի գաղափարներ, որոնք ինքը կարող է կիսել:

*

*