Արծվիկ Մինասյան․ «Որոշներն այդպես էլ չեն գիտակցում, թե պատգամավորի գործառույթը, որը պետք է լինի»

Ըստ նրա՝ բավական լուրջ ուժեր կան, որոնք կեղծ հայտարարություններ են անում:

tert.am-«Հայ Յեղափոխական դաշնակցության» գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի վեցերորդ հորիզոնականը զբաղեցրած Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը գտնում է, որ ՀՅԴ-ն գաղափարներով և ծրագրերով ակնհայտորեն մրցակցության տեսակետից ամենաբարձր դիրքում է, որովհետև չկա որևէ մեկը, որը հակադրվի իրենց գաղափարներին և ծրագրերին:

«Մնացածը մեր հասարակության, քաղաքացիների ընտրությունն է: Եթե այսօր սոցիալական վիճակը ստիպել է որոշ անձանց փորձել մեր քաղաքացիների ձայները գնել չնչին, նվազագույն ֆինանսական հատկացումներով, դա դեռ չի նշանակում, որ քաղաքական ուժը, որն ունի գաղափարներ ծրագրեր նրան պետք է գնահատել այդ ձևով»,- ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ տարբեր սոցհարցումներում և կանխատեսումներում ՀՅԴ-ն առաջատար դիրքերում չէ։

Նա կարևորեց, որ իրենց գաղափարները և ծրագրերը տեղ գտնեն քաղաքացիների շրջանակներում և քաղաքացիները գիտակցաբար ընտրության գնան, այլ ոչ թե պահի ազդեցության տակ: «Կստանանք ավելի մեծ քվե, կունենանք ավելի մեծ դրական արդյունք՝ երկրի, ազգի ու ժողովրդի մակարդակով, չենք ստանա ավելի մեծ քվե, մեր ուժերի ներածին չափով համագործակցաբար այլ ազգային մտածողություն ունեցող ուժերի հետ կփորձենք իրականացնել մեր ծրագրերը»,-ասաց նա:

Հարցին, թե փողայի ռեսուրսների օգտագործման հարցում արդյոք նկատի ունի՞ ՀՀԿ-ին, Արծվիկ Մինասյանը նշեց.«Կարծում եմ, որ բոլոր այն անձիք են, անկախ քաղաքական ուժի պատկանելիությունից, ովքեր փորձում են ընտրողների ձայները գնել, ընդ որում միայն դրանք իշխանության մեջ չեն, այլ պսևդո կամ ընդդիմադիր ուժերի մեջ էլ կան այդպիսինները, անձիք են, ում համար ընտրությունը ընդամենը սովորական խանութից ապրանք գնելու նման մի բան է դարձել: Այդ ամենին պետք է վերջ տրվի և եթե այդ ուժերի ղեկավար մարմինները անգամ չգիտեն այդ մասին, լավ կլինի իմանանան և իրենք ձեռնարկեն պատժիչ գործողություններ, հակառակ դեպքում դա բումերանգի էֆեկտ է ունենալու՝ հարվածելու է իրենց»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը խնդիր է տեսնում նաև, որ որոշներն այդպես էլ չեն գիտակցում, թե  պատգամավորի գործառույթը, որը պետք է լինի: «Հաճախ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթը խառնում են պատգամավորի գործառույթի հետ, ժեկի պետի գործառույթը վերագրում են պատգամավորի գործառույթին դրա համար էլ աղավաղվել է»,-ասաց նա և նշեց, որ իր ասածը վերաբերում է նրան, երբ բարեգործության, ծրագրերի, խոստումների անվան տակ փորձում են քաղաքացիների ձայները գնել:

Ըստ նրա՝ բավական լուրջ ուժեր կան, որոնք կեղծ հայտարարություններ են անում: «Հիմա հայտարարում եմ, որ Հայաստանում չի իրականացվում ավանդի վերադարձման ծրագիր, դա կեղծ է, սուտ, ապատեղեկատվություն, չկա այդպիսի ծրագիր: Դա սոցիալական մի ծրագիր է, որը ավանդի վերադարձի հետ բացարձակ կապ չունի, որովհետև ավանդ վերադարձնել նշանակում է այդ իրավունքը նրա մահից հետո նրա ժառանգը պետք է ժառանգի: Իսկ այս սոցիալական ծրագրում կապված է անձի հետ, և եթե անձը օրինակ՝ մահացավ նա դադարում է նպաստ ստանալուց: Հիմա սկսել են այնպիսի մարդիկ խոսել, այնպիսի հեքիաթային թվերի մասին են ասում, թոշակների բարձրացման ինչ-որ թվեր են հայտարարում, կարծեք թե մրցակցության մեջ են մտել, թե ով ավելի շատ, աճուրդի են վերածե՞լ»,-ասաց նա:

 

*

*