«Ապրիլի 2-ը պետք է վերածենք նաև զարթոնքի` հանուն այն արյան, որը քառօրյա պատերազմում թափեցին մեր 110 քաջորդիները»

Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Երևանի Նոր Նորք թաղամասի ընտրողների հետ:
arcvik-minasyan (4)

yerkir.am— Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Երևանի Նոր Նորք թաղամասի ընտրողների հետ: Բազմամարդ հանդիպման ներկաներին դիմելով՝ ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները բախտորոշ են լինելու:

«Ապրիլի 2-ին, ըստ էության, քվեարկության է դրվելու կարևորագույն հարց. մենք պետք է զարթոնք ապահովե՞նք, թե՞ մնանք այսօրվա վիճակում: Դաշնակցությունն առաջարկում է զարթոնքի քվեարկություն կազմակերպել, որովհետև այս փոփոխություններով ու ընտրություններվ պետք է հիմք դնենք նոր, արդար Հայաստանի կերտմանը»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները ձևավորվելու են երկրի բարձրագույն մարմինը, որը ձևավորելու է կառավարություն, դատական իշխանություն և լինելու է օրենսդիր բարձրագույն օրգանը:

Ըստ Մինասյանի՝ սկզբունքային հարց է՝ ովքեր պետք է ներգրավվեն այս գործին և ընտրողները կարող են որոշել՝ ինչպիսի քաղաքական ուժի են ուզում տեսնել խորհրդարանում:

«Ուժեր, որոնք անընդհատ փոխում են իրենց անունը՞, քաղաքական ուժեր, ովքեր չեն վարանում և իրենց անուններն են օգտագործում քաղաքական ուժի անվան մեջ, թե՞ քաղաքական ուժեր, ովքեր ունեն պատմություն, անցած ուղի և իրենց ներկա կարգավիճակով համապատասխանում են մեր ազգային, մարդկային, համապետական շահերին: Հարց է՝ արդյոք քաղաքական ուժը և նրա թեկնածուներն ունեն ծրագրեր և գաղափարախոսություն, թե՞ պահի ազդեցությամբ ձևավորված նեղ խմբային, անձնական շահերով առաջնորդվող ուժեր են»,- ասաց Մինասյանը:

Նրա խոսքով՝ Դաշնակցությունն այստեղ էլ մրցակից չունի և 127 տարվա պատմությամբ ապացուցել է, որ մարդիկ կարող են իրենց հույսը դնել Դաշնակցության վրա: Արծվիկ Մինասյանն ընդգծեց նաև, որ Դաշնակցության կողմից առաջադրված բոլոր թեկնածուները կայացած մարդիկ են, յուրաքանչյուրն անցել է ճանապարհ և գտնվում է մի կարգավիճակում, որ բացարձակապես «գործ ուզելու» խնդիր չունի, նրանք կայացած են և պատրաստ են ՀՅԴ-ի ծրագրերն առաջ տանել ԱԺ-ում:

«Մարդը, պատգամավորը եթե կաշկանդված եղավ սեփական բիզնես շահերով, վարչական լծակով, նա չի բարձրացնելու և համարձակորեն չի խոսելու երկրի կարևորագույն խնդիրներից»,- ասաց նա՝ հավելելով.

«Ապրիլի 2-ը, որ մեր երկրում, մեր երկրի զավակների արյան գնով պաշտպանվող սահմանների օր է նաև, հենց այս ապրիլի 2-ը պետք է վերածենք նաև զարթոնքի, հանուն նաև այն արյան, որը ընդամենը մեկ տարի առաջ քառօրյա պատերազմի ժամանակ թափեցին մեր 110 քաջորդիները, հանուն այն Հայաստանի, որը միասնական է լինելու, ամբողջական է լինելու, որը ոչ թե խաղաղությունը պետք է մուրա, այլ պարտադրի»:

*

*