Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են իսրայելցի հայտնի քաղաքագետին

Քաղաքագետն անդրադարձել է հրեական հայրենադարձության հաջողված փորձը Հայաստանում և Արցախում կիրառելու անհրաժեշտությանը։
israyel-armenia

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հունիսի 27-ին հյուրընկալել են իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրը կարևորել է հայ ժողովրդի հետ ունեցած իր բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Արցախ է ժամանել  այն ավելի մոտիկից ճանաչելու, արցախցիներին ավելի լավ հասկանալու, ինչպես նաև այցից ստացած տպավորություններն իր հայրենակիցների հետ կիսելու համար:

«Ես եկել եմ այստեղ ոչ թե ինչ-որ բան պատմելու, այլ հիմնականում սովորելու համար: Հայ ժողովուրդը, որ մարդկությանը բազմաթիվ հայտնի մարդիկ է տվել, արժանի է մեծ ուշադրության և հարգանքի, նրա փորձը պետք է իմաստավորվի ողջ մարդկության կողմից»,- նշել է Ավիգդոր Էսկինը:

Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ քաղաքագետը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումներին, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հրեական հայրենադարձության հաջողված փորձը Հայաստանում և Արցախում կիրառելու անհրաժեշտությանը և մի շարք այլ թեմաների:

Հյուրին ուղեկցել և պատգամավորներին է ներկայացրել Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները