Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների եւ Արցախի տարբեր քաղաքների միջեւ ստորագրված բարեկամության հռչակագրեր

...մյուս 8 քաղաքների հետ կնքված Բարեկամության հռչակագրերը ուժի մեջ են
arcax-agn

Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների եւ Արցախի տարբեր քաղաքների միջեւ ստորագրված բարեկամության հռչակագրեր։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

«Արցախի եւ Ֆրանսիայի թվով 12 քաղաքների եւ մեկ դեպարտամենտի հետ ստորագրված են Բարեկամության հռչակագրերը։ Ս․ թ․ մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։

Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս եւ Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջեւ կնքված Բարեկամության հռչակագրերը: Նշեմ, որ սա միայն առաջին ատյանի դատարանի որոշումն է։ Առնուվիլ քաղաքի քաղաքապետը մտադրություն է հայտնել բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։ Մյուս 8 քաղաքների հետ կնքված Բարեկամության հռչակագրերը ուժի մեջ են։ Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել եւ խորանալ։ Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների եւ տարբեր երկրների վարչական միավորների միջեւ բարեկամության եւ համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները»,- նշել են Արցախի ԱԳՆ-ից։

*

*