Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին

Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները
mayis-mayilyan-arcax-kalifornia

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։ Ողջունելով Կալիֆորնիայի խորհրդարանականների այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։

Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին լավ հիմք է ստեղծվել Արցախի և Կալիֆորնիայի միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար և հասունացել է փոխգործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ժամանակը։ Այդ համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին՝ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է խաղաղ գործընթացի առաջ մղման և նրա անշրջելիության ապահովման  համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։

*

*