Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան

Արցախյան հակամարտության բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում:
serj-sargsyan

Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցում է Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Սերժ Սարգսյանն ամբիոնից անդրադարձել է հայաստանյան ներքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Արցախի հարցին: Նա նշել է, որ մեր երկրում իշխանափոխությունը տեղի է ունեցել բացառապես խաղաղ ճանապարհով, եւ որ իր նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեին եւ պետությունը զերծ մնար վտանգավոր ցնցումներից, բայց հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որեւէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել, ավելին՝ երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, — հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Արցախյան հարցին Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արցախյան հակամարտության բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում: Նա նշել է, որ շատ լավ գիտի խաղաղության արժեքը, և այս տեսակետից ցանկացած, անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարեւոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում, — ընդգծել է նա:

*

*